Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոգեւոր բաղադրիչը դուրս է մնացել մարզահամերգային համալիրի աճուրդից» (տեսանյութ)

Հասարակություն
ham

Խնդիրը ոչ թե աճուրդն է կամ նոր սեփականատերը, այլ երաշխիքը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շահագործվելու է ըստ նշանակության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ահազանգում էին ճարտարապետները: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկատում է՝ խնդիրը զուտ իրավաբանական է. «Բոլորն ավելի շատ գնային խնդիրն են առաջ բերում, իսկ մնացած հարցերն անտեսվում են: Բայց չպետք է մոռանալ, որ խնդիր ունենք հուշարձան-շենքի հետ, որը մշակութային արժեք է ու վերցված է պահպանության տակ: Մինչդեռ, աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա, որ այն հուշարձան է»: Ըստ նրա՝ այս հարցում հանրությունը հայտնվել է մի զավեշտալի վիճակում՝ անջրպետ վարչարարական մարմինների եւ արդարադատության միջեւ. «Կառավարությանը հետաքրքրում է միայն դրամը, որը կորցել է ու ուզում է վերականգնի, ճիշտ է անում: Սակայն այդ պարագայում խնդրի հոգեւոր բաղադրիչը դուրս է մնացել աճուրդից, թեեւ օրենքով սահմանված կարգով դա պետք է լիներ: Չկա որեւէ պարտավորագիր, որ իրավաբանական խախտում է տեղի ունեցել ու այստեղ ուղղակի խաբում են գնորդին»: Որպես ցայտուն օրինակ՝ պարոն Քալաշյանը բերեց հետեւյալ զուգահեռները. «Էտ նույնն է, թե իրավական առումով ոչ թե գույքն է վաճառվում, այլ այդ գույքում եղած որեւէ կտավ, որի դեպքում ընդամենը գնահատվում է՝ յուղաներկերի կամ շրջանակի համար որքան գումար է ծախսվել»: Համալիրի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը եւս նկատեց՝ կարեւորը ոչ թե ով է սեփականատերը, այլ որ կառույցը մնա. «Ուզում եմ ասել, որ այս շենքը միակն էր, որ ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ: Սա պատմական իմաստով մեծ երեւույթ է»: