Ընթերցող աշակերտը` օրվա հերոս
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նախարարը նշել է, որ օլիմպիադան հիրավի վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի։ Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի կողմից ընտրվել են հաղթողները: «Ընթերցման» օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և «Անտարես» հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են ևս հինգ նախարարություն, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ: ԿԳՆ