Խուզարկություններ՝ Սյունիքի քրգործի շրջանակներում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Գորիսի բաժինների ծառայողները ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մայիսի 25-ին խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Կարեն Թ.-ի տանը: Արդյունքում` զուգարանից հայտնաբերվել է պլաստմասսե ամանի մեջ սև ծածկույթով պատված մետաղական շերեփ, յուրահատուկ հոտով բամբակյա խծուծներ, 28,7 գ ափիոնանման զանգված, 8 ներարկիչ, 0,2 գ կշռով, թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված, 4 հատ սերմ, իսկ ննջասենյակից` 1 սրվակ` մուգ շագանակագույն հետքերով: Նույն սենյակից հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` համապատասխանաբար 5,2 և 0,2 գ զանգվածներով: Հայտնաբերվածն առգրավված է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: *** Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Սևակ Թ.-ի տանը. հյուրասենյակից հայտնաբերվել են 3,8 գ կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտ ունեցող զանգվածով, 2 ներարկիչ և 1 դեղահաբ, իսկ խոհանոցից` սրվակ` սուր հոտով հեղուկով: Տան միջանցիկ սրահից հայտնաբերվել է նաև 2 գրամանոց ներարկիչ` մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով հեղուկով: Հայտնաբերվածն առգրավված է: Սևակ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: *** Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել նաև 1972 թ. ծնված Արարատ Գ.-ի տանը. հյուրասենյակի պահարանի մեջ հայտնաբերվել են 14,1 գ ընդհանուր կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտով զանգվածով, 1 հատ 10 գրամանոց ներարկիչ` ասեղով: Հայտնաբերվածն առգրավված է: Արարատ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն