Նրանք այլ հայրենիք էին երազում (տեսանյութ)
Իշխանական վերնախավի ապարանցիներն այսօր իրենց ծննդավայրում էին՝ Բաշ-Ապարան հերոսամարտի եւ առաջին հանրապետության տոները նշելու համար։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեծ հպարտությամբ հայտարարեց՝ ամեն ինչ անում է իր հայրենի Ապարանը զարգացնելու համար. «Օրինակ՝ այսօրվա համար և ամեն տարի այս օրը, նոր տարուն սաղ մենք ենք կազմակերպում», - ասաց Սամվել Ալեքսանյանը։ Բաշ-Ապարանի հերոսամարտի վերաբերյալ հարցին ի պատասխան պատգամավորն այսպես արձագանքեց.. «Վայ, ցավդ տանեմ, տենց հարցեր ինձ մի տուր»։ Նրա փոխարեն մեծ հպարտությամբ հերոսամարտին անդրադարձավ մեկ այլ ապարանցի՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. «Միայն խանդավառված ժողովուրդը կարող է հաղթանակ տանել թե´ պատերազմի մեջ, թե´ հասարակական-քաղաքական կյանքում։ Մեզ հաջողվել է պահել ոգին և խանդավառությունը»։ Բաշ- Ապարանի հաղթանակի 96-ամյակով հատկապես ոգեւորված էին տարեցները; Այսօր հպարտ եւ հուզված էին նաեւ Արցախյան ազատամարտում իրենց մասնակցությունը բերած ապարանցիները, նրանք խոստովանում են, որ այսօրվա անկախ Հայաստանի համար չեն պայքարել, նրանք այլ հայրենիք էին երազում. «Ազատ, անկախ Հայաստանի մասին, հիմա դարձել է ճորտատիրական հասարակություն, չկա միջին խավ, իսկ աղքատներ էլ թողնում-փախնում են»,- ասաց Արաբո ջոկատի ազատամարտիկը։ Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ եւ ավանդական երգ ու պարով։