Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խեղճ Կոմիտասը հազիվ է նշմարվում քարակառույցների շրջապատում

Հասարակություն
unnamed5

Քննարկման նկատառումներով «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 6-ի առաջին էջում տպված են երկու լուսանկար` Կարեն Դեմիրճյանի և Անաստաս Միկոյանի, որոնց արձանների տեղադրության մասին է խոսքը: Միթե կարելի է Դեմիրճյանին համեմատել 1937թ. բռնությունների մասնակից-հեղինակ Միկոյանի հետ, ով սիբիրյան «առողջարանների, հանգստյան տների» կառուցման փոքր թե մեծ նախագծողներից, հիմնավորողներից մեկն էր, ում ուղեգրերով հարյուր հազարավոր անմեղ մարդիկ (տասնյակ հազարավոր հայեր) «գործուղվել են բուժման, հանգստի»… շատ-շատերն անվերադարձ… Մոսկովյան Կրեմլը կարծես ղեկավարվում էր Խորհրդային Միության թշնամի Ու. Չերչիլի «մտքի գոհարներով»…ինչ անենք, որ հայ ժողովրդի (տվյալ դեպդում` Խորհրդային Միության ժողովրդների) արյունը թեթև է նավթից… Միկոյանի արձանի տեղադրումը Երևանում վիրավորանք է հայ ժողովրդի համար, և եթե անգամ տեղադրվի, տարիներ անց այն արժանանալու է ավերման: Դեմիրճյանի արձանին` ոչ մի առարկություն. այն անհրաժեշտ է, հաշվի առնելով նրա ծառայություններն իր ժողովրդին, ազգին: Սակայն արձանի տեղը ճիշտ չէ ընտրված: Այն պետք է վեր հառնի նախկին Կենտկոմի, այսօր Ազգային ժողովի (իր աշխատավայրերը) շենքի առջև, ժողովրդի համար դռնփակ այգում, որի դռները պետք է բացել, վերացնել երկաթյա բարձր ցանկապատը…որ մուտքը լինի ազատ և վերևից Կ. Դեմիրճյանը իշխի տարածքի վրա: Մեկ լրացում - քննարկման նկատառումներով… Հայ ժողովուրդը շատ մեծություններ ունի, որոնք արժանի են արձանի, թեկուզ կիսանդրու, և դրանք պետք է լինեն: Օրինակ` Տիգրան Չուխաջյան (հայկական օպերայի հիմնադիր), Երվանդ Քոչար (ով զարդարեց Երևանը), Սերգեյ Փարաջանով (համաշխարհային հռչակ)…և կարելի շարունակել ու շարունակել… Մի փոքր շեղում. Պանթեոն… Պարզ է ամեն մեծություն, ազգային կարգի մեծություն հետմահու տեղ ունի Պանթեոնում: Բայց հարց է, ամեն բնագավառի մեծություն տեղ ունի Կոմիտասի Պանթեոնում…կարծում ենք`ոչ: Պետական, հասարակական, քաղաքական մեծություններ կան, որ արժանի են մեծ հարգանքի…բայց պետք է լինի առանձին Պանթեոն… և այնտեղ հիշել ու հարգել նրանց: Նույնը և ռազմա-պատերազմական գործիչների համար: Կարծես արդեն ունենք` Եռաբլուր: Եվ հետո Պանթեոնում հսկայական հուշարձաններ պետք չեն, դրանք համեստ պետք է լինեն, օրինակ Կոմիտասի Պանթեոնում հսկա «կառույցներ» կան… և ամենայն մեծություն խեղճ Կոմիտասը հազիվ է նշմարվում քարակառույցների շրջապատում:   Ցոլակ Սիմոնյան Մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր