«Հայաստանը չի ստորագրի որևէ լուրջ փաստաթուղթ» (տեսանյութ)
Երկու-երեք ամիսը մեկ շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը հետապնդում է երկու նպատակ: Այսօրվա ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը դրանով ուզում է ցույց տալ, որ իրեն ձեռնտու չէ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված ստատուս քվոն, թեև նույն այդ Ադրբեջանին ձեռնտու չեն նաև դրական զարգացումները բանակցություններում, եթե այդպիսիք լինեին: Երկրորդ՝ նման միջադեպերով Ադրբեջանը փորձում է որոշ լրջություն հաղորդել իր սպառնալիքներին, ազդեցություն թողնել ԼՂ-ի, ՀՀ-ի վրա, որոշ չափով նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների վրա և դրանով փորձել միակողմանի զիջումներ ստանալ բանակցային գործընթացում: «Իր այս երկու նպատակները արդյունքի չեն բերում, բայց երկու կողմն էլ այս ֆոնի վրա ավելացնում են զոհերի թիվը շփման գոտում»,- ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ այս պահին չի տեսնում լուրջ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն: Օրերս Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ասել էր, որ այնուհետև հայկական կողմը պետք է նոր մարտավարություն որդեգրի՝ մեկ հայ զոհի դիմաց Ադրբեջանից վերցնելով մեկ դիրք։ Անդրադառնալով «Ա1+»-ի հարցին, թե «մեկ զոհի դիմաց մեկ դիրք» մարտավարությունը կզսպի՞ Ադրբեջանին, որ վերջինին այլևս զուտ ձեռնտու չլինի հայ զինվորների սպանել՝ Սերգեյ Մինասյանը դժվարացավ ասել, թե նման մարտավարության պարագայում արդյոք կունենա՞նք նույն իրավիճակը: «Կարճ ժամանակում արդեն պարզ կդառնա՝ այդ մարտավարությունը աշխատու՞մ է, զսպո՞ւմ է ադրբեջանցիներին, թե՞ ոչ»,- ասաց քաղաքագետը: Անդրադառնալով այսօր Աստանայում նախատեսված, Եվրասիական միության ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը՝ Սերգեյ Մինասյանը կանխատեսեց, որ Հայաստանը չի ստորագրի որևէ լուրջ փաստաթուղթ, այլ գուցե որևէ փաստաթուղթ, որում կնշվի Հայաստանի հետագա անդամակցության քայլերի մասին: Քաղաքագետի գնահատմամբ՝ գործընթացի դանդաղելու գլխավոր պատճառը կախված է ոչ թե Հայաստանից, այլ Բելառուսից ու Ղազախստանից. այդ երկրները շահարկում են Հայաստանի անդամակցությունը՝ սեփական անդամակցության հարցում Ռուսաստանից առավելություններ ստանալու համար: