Գլխավոր դատախազը՝ նախաքննական գաղտնիքի մասին (տեսանյութ)
Նախաքննության գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է։ Այսօր մեկ անգամ եւս հիշեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Անդրադառնալով նախաքննության ընթացքում գաղտնի նյութերի հրապարակման համար սահմանված պատասխանատվությանը՝ պարոն Կոստանյանը հիշեցրեց, որ նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն սահմանվում է միայն տվյալ գործով մասնակիցների համար։ «Ինչ վերաբերում է, որ քննարկման առարկա է դարձել լրագրողների կողմից իրենց աղբյուրները չբացահայտելու հանգամանքը, դա եւս օրենքի պահանջ է։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ պարտավոր չէ բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը։ Դա լրագրողի իրավունքն է։ Լրագրողը կօգտվի այդ իրավունքից թե ոչ, դա արդեն իր իրավունքն է։ Քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե զանգվածային լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն սուբյեկտը, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվությունը, եւ ինքը փորձում է հրապարակել»,- պարզաբանեց գլխավոր դատախազը։ Իսկ եթե լրագրողը օգտվի իր իրավունքից եւ չհայտնի իր տեղեկատվության աղբյուրը, ապա ծանր հանցագործությունների դեպքում լրագրողը կարող է պարտավորություն կրել դատարանում՝ իր տեղեկատվության աղբյուրը բացահայտելու համար։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հիշեցնելով՝ հանգամանքների բերումով նախաքննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով: Այլ հարցերի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չպատասխանեց՝ նշելով, որ հաջորդ շաբաթվա ընթացքում մամուլի ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին։