«Հայռուսգազարդ»-ի պատճառով ընտանիքը մնացել է դրսում (տեսանյութ)
Արդեն մեկ տարի է` Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակչուհի Գյուլնարա Պետրոսյանը չի կարողանում ստանալ մեկ հարցի պատասխան՝ ո՞վ է պատասխան տալու իրենց տանը տեղի ունեցած պայթյունի համար։
«Հայռուսգազարդ»-ի պատճառով 8 հոգիանոց ընտանիքը մնացել է դրսում», «Անօրինական գազից 27-ամյա որդիս դարձել է հաշմանդամ» գրությամբ պաստառներով այսօր Գյուլնարա Պետրոսյանը կրկին կառավարության շենքի մոտ էր։ Նրա խոսքով՝ Արարատի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Աբրահամյանը վարչապետի հանձնարարականով ընդունել է իրենց, սակայն մինչեւ այս պահը որեւէ բան չի արվել։
«Երկու հոգի եկել են, առաջարկել են անվճար դեղորայք, առողջարան 15 օրով, բայց իմ տղան ի վիճակի չէ։ Մեզ առաջնահերթ անհրաժեշտ է տուն։ Ասել են՝ վարձով տուն ճարեք, կօգնենք, վարձը կտանք։ Մենք տունը ճարեցինք, պատճառաբանեցին` վարձը թանկ է։ Մենք հայտնվեցինք փողոցում»,- «Ա1+»-ին ասաց Գյուլնարա Պետրոսյանը։
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց բողոքն էին արտահայտում նաեւ հաշմանդամություն ունեցող օդաչուները։ Նրանք արդեն 8 տարի է՝ չեն ստանում իրենց հասանելիք թոշակները։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր խոստացավ ընդունել օդաչուներին։
«Կքննարկենք հարցը եւ դրա վերաբերյալ կասենք մեր մոտեցումները»- «Ա1+»-ին պարզաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։