Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դյուրացված կարգով դուրս կգանք Եվրասիական շուկա

Պաշտոնական
zal

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել` արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը: «Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է և գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի՝ որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները՝ միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով: Առաջնային են նաև համակարգված աշխատանքները միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման, ՀՀ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դիվերսիֆիկացման, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ: Ներկայում բազմաթիվ բարեկամ երկրների հետ մեր ունեցած տնտեսական պատկերը չի համապատասխանում առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին, ինչն, ըստ ամենայնի, երկուստեք որոշակի պասիվության, նախաձեռնությունների պակասի կամ ոչ բավարար տեղեկացվածության արդյունք է: Այս գործում չափազանց կարևոր է դիվանագետների նպատակաուղղված, համակարգված ու հետևողական աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ գործադիրի առանցքային խնդիրներից է Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա զարգացման ապահովումը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է սփյուռքի օգնության զուգորդումն ակտիվ գործարար աջակցությամբ և տարբեր ծրագրերով՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխրախուսի ու կաջակցի սփյուռքի ներդրումները ՀՀ զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն վարչապետի հնչեցրած առաջնայնությունների շուրջ և ներկայացվել տարբեր առաջարկություններ: ՀՀ կառավարություն