Գյուղացին ցրտահարության փոխհատուցումից գոհ չէ
Ցրտահարության դիմաց գյուղացիներին տրված օգնությունը գյուղերում ծիծաղելի են համարում: «Մի քանի գրամ» ձմերուկի և վարունգի սերմը, հողի հարկի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցումը գյուղացիները չնչին են համարում իրենց կրած վնասի դիմաց։ Ընթացիկ տարվա գարնանը գրանցված ցրտահարությունից տուժել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Բենյամին Կիրակոսյանի 1 հեկտար ծիրանի այգին։ Կառավարությունից որպես աջակցություն ստացել է ձմերուկի սերմ, իսկ հողի հարկի և ջրի փոխհատուցմանը դեռ սպասում է. «Գյուղնախարարը հորջորջում ա ՝ թե օգնում ենք գյուղացուն, ի՞նչ են օգնում, եթե էս ձևով պետք է լինի օգնությունը, ավելի լավ է չլնի՝ արժե՞ գյուղացու չարչարանքը գնահատել մի պտղունց սերմի չափով», - նկատում է գյուղացին։ Նա ցավով է ընդգծում, որ արդեն մի քանի տարի է՝ ծիրանի այգուց ընդհանրապես բերք չի ստանում. «Անցյալ տարի կարկուտ եղավ, ծառին ծիրան չթողեց, էս տարի էլ ցուրտը տարավ՝ մոտ 1 միլիոնի վնաս կրեցի», - ցրտահարությունից կրած վնասները հաշվարկում է գյուղացին և ասում՝ մի քանի գրամ սերմը գրոշներ է իր կրած վնասի համեմատ։ Գյուղում ցրտահարությունից ամենից շատ տուժած գյուղացիներից է Էդուարդ Սարգսյանը։ Եթե ցրտահարություն չգրանցվեր, նա մոտ 1000 տոննա կաղամբ կստանար։ Կաղամբի փոխարեն դաշտում կառավարությունից ստացած լոլիկի սերմն է ցանել։ Համոզված է՝ եղանակային պայմանները բարենպաստ լինելու դեպքում հողին պահ տված սերմն առատ բերք կտա, այս կերպ մրգաշատցի հողագործը կրած վնասը մասնակի կվերականգնի։ Կառավարությունից գոհ է, բայց աջակցությունն է քիչ համարում. «Սաղ օրը տելեվիզըրով պաշտոնյաները լացում են, թե բյուջեն դատարկ է, էդ դատարկ բյուջեի համեմատ մեր օգնությունն էլ էս պիտի լիներ. ուզենք – չուզենք էս ա՝ ի՞նչ պիտի անենք», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Սարգսյանը։ Մինչ Կառավարությունը ոռոգման ջրի գնի 50 տոկոսով փոխհատուցում կիրականացնի, գյուղացին վախենում է, որ ոռոգման ջրի պակասից այգին և հողամասը կչորանա։ Իսկ ինքը ցրտահարությունից հետո երկրորդ հարվածը ոռոգման ջրի սակավությունից կստանա։