Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամփոփվեցին հակաթմրանյութային գործողության արդյունքները

Հասարակություն
14017926254311

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության խորհրդի 2008 թ. սեպտեմբերի 5-ի որոշման և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն` 2014 թ. մայիսի 20-ին, ժամը 12:00-ից մինչև մայիսի 25-ը, ժամը 13:00-ն, անցկացվեց «Կանալ-Հարավային թակարդ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայված էր Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում: Գործողության նպատակն էր կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական թմրամիջոցների հոսքը դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում` Մաքսային դաշինքի մասնակից պետությունների տարածք, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերի կանխումը, ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելը, ինչպես նաև իրականացնել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերում ընդգրկված հատուկ նշանակության ստորաբաժանումների գործնական և օպերատիվ-մարտական պատրաստականության գործողությունները Տաջիկստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության սահմանին հարող լեռնային պայմաններում: ՀՀ ոստիկանությունից միջոցառմանը մասնակցեցին ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների մեկական ներկայացուցիչ: Միջազգային համակարգման շտաբում, բացի ՀՀ ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև ՀԱՊԿ քարտուղարության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ներկայացուցիչները: Որպես դիտորդ հրավիրված էին նաև Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի և Չինաստանի ներկայացուցիչները: Գործողությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու նպատակով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով իր աշխատանքները վերսկսեց «Կանալ» հակաթմրանյութային ազգային միջգերատեսչական շտաբը և հաստատվեցին գործողության օրացուցային պլանն ու գործողության մտահաղացումը: Ստեղծվեցին 14 միջգերատեսչական համատեղ օպերատիվ խմբեր, որոնք տեղակայվեցին ՀՀ սահմանային մաքսային անցակետերում` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում, Բավրա, Գոգավան, Պրիվոլնոե, Մադան, Ջիլիզա, Բագրատաշեն, Մեղրի սահմանային անցակետերում, երկաթգծի «Այրում» կայարանում, Պրիվոլնոե-Սարչապետ /Լոռու մարզ/, Պաղաղբյուր-Ձյունանուշ-Մեծավան-Ձորամուտ /Լոռու մարզ/, Պտղավան-Հաղթանակ-Բերդավան /Տավուշի մարզ/, գ. Հաղթանակ, Ձորակերտ-Ծաղկուտ /Շիրակի մարզ/ սահմանային հատվածներում, Մեղրի-Գորիս մայրուղու ժամանակավոր ավտոկայանատեղում /Սյունիքի մարզ/, ինչպես նաև Երևան քաղաքում: Գործողությանը մասնակցեցին ընդհանուր առմամբ 1339 ծառայող, որոնցից 1201-ը` ՀՀ ոստիկանությունից, 17-ը` ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից, 14-ը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, 7-ը` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից, 100-ը` ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունից և 2-ը` ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից: Բոլոր օպերատիվ խմբերն ապահովված են եղել կապի միջոցներով: