Սակավարյունություն ու թերսնում՝ սահմանամերձ գյուղերի երեխաների մոտ (տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում յուրաքանչյուր 5-րդ երեխայի մոտ արձանագրվել է թերաճություն։ Աճի դանդաղումը , ինչպես նաեւ հաճախակի հանդիպող սակավարյունությունը մասնագետները պայմանավորում են թերսնուցմամբ։
«Արդեն 9 ամսականից սկսած՝ մենք ցածր հեմոգլոբին ենք նկատում։ Հիմնականում վատ ապրելու, վատ սոցիալական պայմանների հետեւանքն է»,-ասում է Ներքին Կարմրաղբյուրի առողջության կենտրոնի տնօրեն Ասյա Մարդանյանը։
Հայրենի իշխանությունների փոխարեն, այս երեխաներին այսօր օգնության ձեռք են մեկնում արտասահմանցի մասնագետներն ու դոնոր կազմակերպությունները, որոնք Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ ոչ միայն ֆինանսավորում, այլ նաև պարբերաբար այցելում են մարզ։
Արդեն մեկ տարի է՝ Հայ օգնության ֆոնդը սամանամերձ 7 համայնքի մանկապարտեզներին ապահովում է սնունդով։
Բազմապրոֆիլ ծրագիրը կշարունակվի մինչև 2018թ., սակայն դրական տեղաշարժն արդեն ակնհայտ է՝ ասում է ՀՕՖ-ի բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը. «Ցածր սակավարյունության դեպքերում մեկ-երկու ամիս երեխային տալով անհրաժեշտ դեղորայք՝ արդեն ցուցանիշը հասցրել ենք նորմայի»։
Կազմակերպությունը հնարավորության սահմաններում վերազինում է նաեւ առողջապահական հաստատությունները։ Այդ աջակցությունը խիստ անհրաժեշտ է։ Օրինակ՝ Բերդ քաղաքի բուժհաստատությունը դեռ արյան հետազոտություն իրականացնելու սեփական սարք էլ չունի։
Մանրամասներ՝ տեսանյութում
Լուսանկարները՝ Հելենա Մելքոնյանի