Ծառահատման դեպքեր. սոճիներ` «Դիլիջան» ազգային պարկից
Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Թեժ-Լեռ» կոչվող տարածքում մի քաղաքացի ծառ է հատում: Ոստիկանները պարզել են, որ 1987 թ. ծնված Արայիկ Ջ.-ն բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 1 բարդի և մոտ 2 խմ ծավալով փայտանյութը տեղափոխել մոտակա ռեստորանի տարածք` հետագայում այն իր տուն տանելու նպատակով, իսկ մնացած մասը թողել հատման վայրում: Արայիկ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բենզասղոցն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն: Վերջերս նկատել է, որ այդ ծառերը վերացել են և լինելով մտահոգված այդ ծառերի ոչնչացման փաստով` խնդրել է ստուգել դրանց հատման օրինականությունը: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տարածքից բարդի տեսակի 20 ծառերի հատումը 2013 թ. մայիսին կատարել է 1948 թ. ծնված Գեղամ Ա.-ն: Հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, Գեղամ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հունիսի 4-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Դիլիջան-Սևան ճանապարհի ոլորանների հարակից անտառից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին: Պարզվել է, որ նա «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից սոճիներ է հատել: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն