Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքներ՝ կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ

Հասարակություն
Տարածքային-կառավարման-նախարարություն-IMG_1976-copy-440x330

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 98,3 տոկոս, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7,1 տոկոս կամ 2,5 մլրդ դրամ: Սեփական եկամուտների կատարողականը (5 հիմնական հարկատեսակների մասով) 99,1 տոկոս է, աճը կազմել է 18,4 տոկոս կամ 1,5 մլրդ դրամ: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 81, գույքահարկինը՝ 105 տոկոսով: Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանին հանձնարարեց տեղական եկամուտների, մասնավորապես՝ հողի հարկի, հավաքագրման խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Առաջիկայում նախարարության կողմից նաեւ վերլուծություն կներկայացվի երեք մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Շիրակում հատկապես հողի հարկի հավաքագրման գործընթացում հարկատուների ներգրավվածության վերաբերյալ: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց հարկատուների նկատմամբ ընտրանքային մոտեցում ցուցաբերելու դեպքերը՝ նկատելով, որ դա առաջին հերթին չի բխում բնակիչների շահերից եւ վարչարարության առումով դժվարություններ է առաջացնում: Նա կարեւորեց այս ոլորտում վարչարարության բարելավման ու բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ առաջարկեց ուսումնասիրությունների քննարկմանը հրավիրել նաեւ մարզպետներին եւ խնդրով հետաքրքրվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նիստի օրակարգի մյուս հարցը վերաբերում էր տեղական ինքնակառավարման ոլորտում կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական ծրագրերի համակարգող Ալլա Բակունցը տեղեկություններ ներկայացրեց Եվրամիության ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի մասին, որի նպատակը տեղական մակարդակում գենդերային հավասարության ապահովմանն աջակցելն է: Ծրագիրը մեկնարկել է 2012 թ. օգոստոսից եւ կավարտվի այս տարվա նոյեմբերին: Կոլեգիայի նիստում ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկություններ ներկայացրեց ռուսական կողմի հետ միգրացիոն ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Ըստ նրա՝ ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության հետ արդեն համաձայնեցրել են երկու համաձայնագրերի նախագծեր, որոնք ներկայումս ներպետական ընթացակարգերի փուլում են: Փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քաղաքացիների գտնվելու համար առավել արտոնյալ պայմաններ են սահմանվում. մասնավորապես մուտք գործելուց հետո հաշվառման ժամկետը 7 օրվա փոխարեն դարձվում է 30 օր, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար էապես դյուրացվում են աշխատանքային գործունեության համար նախատեսված ընթացակարգերը եւ լրացուցիչ թույլտվություն ձեռք բերելու անհրաժեշտություն չի առաջանում: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ փաստաթղթերը սեղմ ժամկետներում կստորագրվեն, ինչպես նաեւ առաջարկեց համապատասխան իրազեկման աշխատանքներ իրականացնել: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին