Կընդունվի՞ արդյոք ապագա երեխայի սեռը չհայտնելու մասին օրինագիծը. ուղիղ
Հունիսի 6-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալը, արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը: Քննարկումը նախաձեռնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն են. Կարինե Սարիբեկյան՝ ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ, Գարիկ Հայրապետյան՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ, Անուշ Սուքիասյան՝ Ազգային ժողովի Առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Թամարա Հովնաթանյան՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ: Օրենքի այս նախագիծը միանշանակ չի ընդունվել թե՛ օրենսդիրների, թե՛ հասարակության շրջանում: Կա մտավախություն, որ նման արգելանքի դեպքում բժիշկները կգործեն գաղտնի՝ ծնող-բժիշկ հարաբերություններում առաջացնելով կոռուպցիոն նոր վտանգ: Նախագծի համար հիմք է ծառայել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտությունը, որը կատարվել է 2012-2013 թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ: Հետազոտութունը վկայում է, որ միջին հաշվարկով Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 իգական սեռի երեխա: