Հայաստանում կտեղադրվի Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը (տեսանյութ)
Հայաստանում կտեղադրվի ռուս հայտնի երգահան, պոետ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակը: Այն վաղը կտեղադրվի «Մելոման» ակումբի ճակատային մասում: Ինչ վերաբերում է հարթաքանդակը Հայաստանին նվիրաբերելուն, «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» ծրագրի ղեկավար Յուրի Կայդան նշեց. «Տեղը ես կասեի ընտրել է հենց Վիսոցկին, քանի որ նա սիրում էր Հայաստանը, Երեւանը, նա կապված էր հայերի հետ, ինչպես նաև գաղտնիք չէ, որ նա կնքվել է Հայ Առաքելական եկեղեցում»: Ազգությամբ ռուս արտիստ Վիսոցկու հեղինակային երգերը կատարող հայ երգիչ Արամ Գյուրջյանը կարևորում է հարթաքանդակի տեղադրումը Հայաստանում. «Այն մեծ պարգև է երկրպագուների համար, թեև ժամանակները փոխվել են, միևնույն է, նրա երգերն առ այսօր արդիական են, կարելի է ասել՝ մարգարեական երգեր է երգել, նա համամարդկային գաղափարների և արժեքների կրող էր»: Հարթաքանդակի մոդելավորման աշխատանքները իրականացվել են 2013 թվականին մի քանի փուլով ՝ Երևանում, Էջմիածնում և Գեղարդում։ Ստեղծագործության հեղինակը լատվիացի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսն է։ Հարթաքանդակի յուրահատկությունն այն է, որ պատրաստմանը մասնակցել են մի քանի տասնյակ անվանի մարդիկ ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, Լիտվայից և այլն։ Հարթաքանդակը զարդարված է լինելու Վլադիմիր Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով։ Վաղը կլինի պաշտոնական բացումը։ Կազմակերպիչների խոսքով միջոցառմանը ներկա են լինելու մի շարք օտարերկրյա հայտնի հյուրեր, սակայն անունները դեռևս չեն հրապարակվում անակնկալ անելու համար։ Նշենք, որ Վիսոցկին Հայաստանում եղել է 1970-ին: Սակայն հայկական շրջապատը նրան ուղեկցել է մանկուց: «Ժենյա մայրիկ» էր նա կոչում խորթ մորը` Եվգենյա Լիխալատովային ։ Ապագա պոետի պատանեկությունը անխզելիորեն կապված է լեգենդար Լևոն Քոչարյանի` հայտնի դերասան ու պատմիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սուրեն Ակիմովիչ Քոչարյանի որդու հետ: Հենց Քոչարյանի տանը Վիսոցկին ծանոթացավ Վասիլի Շուկշինի, Անդրեյ Տարկովսկու, Էդմոնդ Քեոսայանի, Արթուր Մակարովի, Գրիգորի Պոժենյանի և Յուլիան Սեմյոնովի հետ: Պետք է նշեն նաև ,որ երիտասարդ Վիսոցկու առաջին ձայնագրությունները հենց քոչարյանական «Դնեպր-10»-ով են արվել ։