«Հովիկ Աբրահամյանը էս հարցն էլ ջրեց» (տեսանյութ)
Կոմիտասի 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ պայքարող բնակիչները դժգոհ են վարչապետից։ Կառավարության մեկ էջանոց պատասխանում նրանք ոչ մի կետ չեն գտնում, որ համապատասխանի իրականությանը. «Մասնավորապես հենց առաջին պարբերության մեջ ասված է, որ համաձայնության են եկել բնակիչների հետ, բայց այդպիսի բան չի եղել։ Նաև նշվում է, որ այս խնդրի վերաբերյալ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի՝ բնակիչների կողմից մերժել է հայցը, այդպիսի բան նույնպես չի եղել, կառուցապատողն է մեզ դատի տվել։ Նշվում է, որ մեկ ծառ է հատվել, սակայն շինհրապարակի փոխարեն մեծ զոնա էր կանաչ տարածության, ամբողջը հատվել է»,- ասաց բնակիչներից Սուսաննա Թերզյանը։ Բնակիչները պատրաստվում են հերթական բաց նամակով պատասխանել Հովիկ Աբրահամյանին. «Հասարակությանը տեղյակ պետք է պահենք, թե ինչ է տեղի ունենում։ Մենք ունենք երեք դատական գործ, որ գտնվում է վարչական դատարանում, այսինքն` մարդիկ ընդունել են, որ մենք հիմք ունենք, բայց շինարարությունը շարունակվում է»։ Կոմիտաս 5 հասցեի մեկ այլ բնակիչ Գալյա Ուստյանի տան պատերը ճաքել են, ասում է՝ շինարարական պայթյունների և ծանր տեխնիկայի հարվածների հետևանքն է։ Բայց սա միակ վնասը չի, որ իրենց հասցրել է հարակից շինարարությունը. «Ենթադրենք հրդեհ եղավ մեր շենքում, ո՞ր կողմից է մոտենալու, բակում հրդեհ էր եղել երկու ամիս առաջ, մեքենան եկել էր, չէր կարողանում մտնել ներս»։ Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը միամտություն է համարում վարչապետին դիմելու հանգամանքը. «Ակնհայտ է, որ իրենց դիմումը որևէ արդյունք չի կարող տալ։ Բոլորս հասկանում ենք, որ այդ կառուցապատողները պատահական մարդիկ չեն։ Դրանք հիմնականում իշխանությանը սերտաճած բիզնես անձինք են։ Առավել ևս՝ մենք գիտենք, որ կոնկրետ Հովիկ Աբրահամյանը ունի փորձ տարատեսակ հարցերը ջրելու»։ Ելքը մեկն է, ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ «Քաղաքացիական ինքնապաշտպանությունը, այսինքն` կոշտ պայքարը այս կամ այն ձևերով»։ Մինչ բնակիչները բողոքում են, Կոմիտաս 5-ի շինարարները հասցրել են զավթել նաև մայթը։ Հատուկ ժապավենները քաղաքացիներին ստիպում են դուրս գալ մայթից և քայլել փողոցով։ Բնակիչները կատակում են, որ միգուցե շուտով որպես շինհրապարակ օգտագործվի փողոցը։