Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորվածը հիվանդանոցում է

Հասարակություն
DSC03721

Վերնիսաժի կրակոցների գործով տուժած, իսկ այնուհետեւ հունիսի 9-ին կալանավորված Ներսես Մելքոնյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Նրա խոսքերով՝ առաջիկա օրերին կբողոքարկեն առաջին ատյանի դատավճիռը, ըստ որի`Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը։ «Հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը կփոխի որոշումը, հակառակ դեպքում նոր միջնորդություններով հանդես կգանք, որպեսզի իմ պաշտպանյալին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ եւ այլն»,-նշեց Վարդուհի էլբակյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարեւանությամբ կրակոցներ էին հնչել։ Նախաքննական նյութերով՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ 29 ամյա Գոռ Առաքելյանը, վիճաբանել է Ներսես Մելքոնյանի եւ նրա ընկերոջ՝ Վալերի Մովսիսյանի հետ։ Արդյունքում 5 անձ հրազենային վնասվածքներ է ստացել։ Գոռ Առաքելյանը եւս կալանավորված է։ Նա մեղադրվում խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու համար: Իսկ վիճաբանության մասնակից, հրազենային վնասվածք ստացած Վալերի Մովսիսյանը դեռ հիվանդանոցում է։