Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կնշվի դարբնի օրը (տեսանյութ)

Հասարակություն
gnFTQQ7p6jA

Դարբնի արհեստն արդեն Հայաստանում մոռացվում էր, այդ իսկ պատճառով «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ Մելս Չիլինգարյանը հունիսի 21-ին Սարդարապատում կկազմակերպի հայ դարբինների աշխատանքների ցուցահանդես։ Ցուցահանդեսին կմասնակցեն դարբիններ Երևանից, Արմավիրից, Գյումրիից և ՀՀ այլ քաղաքներից. «Դարբինների օրը նշում են Սարդարապատում, քանի որ հենց Սարդարապատում մղվող մարտերի ժամանակ մեծ քանակությամբ օգտագործվել են հայ դարբինների ինքնաշեն զենքերը»,- ասաց «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ, զինագործ Մելս Չիլինգարյանը։ Հունիսի 21-ին կայանալիք միջոցառմանը կլինեն նաև վարպետության դասեր։ Վարպետներից մեկն էլ գյումրեցի Գագիկ Մարտիրոսյանն է։ Դարբին Գագիկը Գյումրիում հիմնել է «Եռանկյունի» դարբինների դպրոցը. «Այսօր ես ունեմ աշակերտներ, որոնք անգամ դասից փախնում և գալիս են դարբնության դասերին, թեև պետք է խոստովանել, որ առաջվա հարգանքը դարբինները չունեն»,- ընդգծեց բանախոսը։ Այն հարցին, թե այսօր հասարակությունը գնահատո՞ւմ է տեղացի վարպետներին, թե՞ նախընտրում է եվրոպականը, գյումրեցի դարբինը պատասխանեց. «Մի անգամ ինձ ցույց տվեցին աշխատանքներ, որոնք բերվել են Իտալիայից, սակայն դրանք հենց իմ գործերն էին. այստեղ չէին գնել, իսկ Իտալիայից գնել էին՝ կարծելով, թե իտալական է»,- ասաց դարբինը։ Նշենք նաև, որ հունիսի 21-ին Սարդարապատում կայանալիք ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան շարժման ժամանակ օգտագործված հայ դարբինների ինքնաշեն զենքերը։