Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է կամավոր վճարելու, ով՝ պարտադիր. սոցապնախարարի սոցփաթեթը (տեսանյութ)

Տնտեսություն
artem

Կառավարության փակ նիստի ընթացքում այսօր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ։ Ըստ նախարարի՝ փաթեթը լուծում է տալիս մեր հասարակության, քաղաքացիների հիմնական մտահոգությանը. «Այն մտահոգությանը, որը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, կամ այլ կերպ ասած՝ սպառման կրճատմանը»։ Սոցապնախարարը կառավարությանը ներկայացրել է նաեւ այն հիմնական խնդիրները, որոնց լուծում է տրվում այդ փաթեթով։ «Մինչեւ 1974թ. հունվարի մեկը ծնված անձանց համար նախատեսվում է կամավորության սկզբունք եւ խթանների համակարգ, այսինքն՝ եթե անձը կամավոր որոշում է կայացնում մասնակցել կուտակային համակարգին, ապա պետբյուջեից իրականացվում է իրենց հաշիվների համալրումը՝ եւս 5 տոկոսի չափով։ Այս անձանց համար կարելի է ասել՝ տեղի է ունենում եկամտային հարկից մասհանում իրենց հաշիվներին։ Մյուս խնդիրը, որ առաջարկում ենք լուծում տալ այս փաթեթով այն է, որ եթե անձի 55 տարին լրացել է եւ նա կուտակել է որոշակի գումար, ապա կարող է դադարեցնել եւ անցնել կամավոր համակարգին»,-ասաց Արտեմ Ասատրյանը։ Ներկայացված փաթեթով առաջարկվում է լուծել մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի խնդիրը. «Մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, եթե ծնողը արձակուրդում է գտնվում, ապա իրենց հաշիվներին պետական մասնակցություն կլինի ամսական 5 հազար դրամի չափով։ Եւ կլուծվի նաեւ մինչեւ հուլիսի մեկը կատարված վճարումների հետ վերադարձի հարցը, ինչն արձանագրված էր նաեւ ՍԴ որոշման մեջ։ Հաշվի առնելով տեխնիկական ու տեղեկատվական խնդիրները, մինչեւ 2015թ. հունվարի մեկը գումարները կվերադարձվեն»,-եզրափակեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։