Ընթանում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումը
Ընթացքի մեջ են Վարդենիս-Մարտակերտ շուրջ 116կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները: Ճանապարհի 12 հատվածներում միաժամանակ ընթացող հողային աշխատանքները ներառում են ժայռային գրունտների պայթեցում, ճանապարհի հարթեցում, լայնացում, առկա ինժեներական կառուցվածքների տեղափոխում: Զուգահեռաբար տեղադրվում են ջրահեռացման խողովակներ, կառուցվում ափապաշտպան կառույցներ: Տարեվերջին, հողային աշխատանքների ավարտին, երթեւեկությունը հնարավոր եւ ժամանակային առումով նախընտրելի կարող է լինել նաեւ այն մարդատար մեքենաների համար, որոնք Հայաստանի հյուսիս-արեւմտյան շրջաններից ուղեւորվում են դեպի ԼՂՀ Մարտակերտի շրջան: Ճանապարհի լիարժեք գործարկումը կաշխուժացնի կապը հայկական երկու հանրապետությունների միջեւ եւ կխթանի ճանապարհի երկայնքով տարածված շուրջ երկու տասնյակ համայնքների սոցիալ-տնտեսական կյանքը: Ավտոճանապարհի անվտանգ եւ լիարժեք գործարկումը հնարավոր կդառնա միայն ասֆալտապատումից եւ ճանապարհի կահավորումից հետո, ինչը նախատեսվում է իրականացնել Հեռուստամարաթոն 2014-ին հավաքագրվելիք միջոցներով: «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ