Մաքսային միությունից առեւտրային բանկերն ակնկալիքներ ունեն
Մաքսային միությունից ու Եվրասիական միությունից «Արարատ» բանկի տնօրինության սպասելիքները մեծ են՝ «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Առեւտրային բանկի գործադիր տնօրենը ՄՄ-ից մասնավորապես ակնկալում է արտահանման ծավալների որոշակի աճ. «Այն կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք մեր համագործակցությունը ԵՄ ընկերությունների հետ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ԵՄ բանկային համակարգի հետ, եւ մեր նպատակն է այդ համագործակցությունն ու կապերն ավելի ընդլայնել»: Պարոն Օսիպյանը նկատում է` բանկային համակարգը գնում է բիզնեսի հետեւից. «Այդ պատճառով իրական հատվածը որտեղ ունի կապեր, այնտեղ բանկերն ապահովում են դրանք: Իհարկե, մեր հաճախորդները կապեր ունեն ՄՄ անդամ եւ ՌԴ, եւ Բելառուսի, եւ Ղազախստանի հետ: Բոլոր այս երկրների հետ էլ մեր դրամաշրջանառությունը մեծ է»: Ըստ նրա` ավելի լավ պատկերացում կազմելու համար բանկի դրամաշրջանառության մասին, նա նկատում է` բանկում օրական իրականացվում է մոտավորապես 200-250 միջազգային փոխանցում: Բացի այդ, բանկը գործունեություն է իրականացնում նաեւ ԼՂՀ-ում ու այս դեպքում եւս` ՄՄ մտնելով որեւէ խոչընդոտ կամ արգելք չի առաջանա. «Նույն ճյուղերը, որոնք մենք ֆինանսավորում ենք ՀՀ-ում, իրականացվում են նաեւ ԼՂՀ-ում: Մենք գերակա ճյուղ չենք առանձնացրել, վարկավորում ենք սպասարկման ոլորտը, առեւտուրը, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Ի դեպ, վերջինիս վարկավորումը նորություն է մեզ համար: Այն իրականացնում ենք մեկ տարի ժամանակահատվածով, բոլորը մոտ 1 մլն դոլարանոց փոքր եւ մանր վարկեր են: Իսկ ՓՄՁ վարկավորման պորտֆելը կազմում է 45-48 մլն ԱՄՆ դոլար»: Ի դեպ, վաղը Երեւանում տեղի է ունենալու Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովը, որի ժամանակ բանկը կստորագրի 12 մլն ԱՄՆ դոլարանոց վարկային պայմանագիր: