Սերժ Սարգսյանն ընդունել է Աքսել Ֆիշերին և Ալան Միլին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Նա բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն: ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, Սերժ Սարգսյանը կարևորել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը և վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և ոստիկանության ոլորտներում բարեփոխումների և այդ ոլորտներում դեռևս առկա խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս: