Ծառերը հատում է գլխավոր դատախազի հա՞յրը
Աբովյան 29 հասցեում կհատվի երեք ծառ՝ հերթական ավտոտնակը կառուցելու համար: Այս մասին տեսախցիկից դուրս հայտնեցին տեղի բնակիչները: Նրանց հասած լուրերով՝ ավտոտնակ կառուցողը հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն է։ Միակ մարդը, ով չխուսափեց տեսախցիկից, տեղի բնակիչ չէ։ Արման Օհանյանը Աբովյան 29 հասցեում բարեկամներ ունի և հաճախ է նրանց այցելում։ Նա նկատել է, թե ինչպես են ծառերի տակ նավթ լցրել՝ դրանք չորացնելու համար. «Սաղ էդ ծառերի արմատներից նավթի հոտ էր գալիս»։ Նավթի հոտը հիմա էլ է գալիս։ Տեղի ունեցածի համար Արման Օհանյանն առաջին հերթին մեղադրում է հենց բնակիչներին, ովքեր չեն խնամում ծառերը։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունում հերքում են լուրերը, թե այս տարածքում ավտոտնակ է պատրաստվում կառուցել Գևորգ Կոստանյանի հայրը. «Ո՛չ ՀՀ գլխավոր Գևորգ Կոստանյանը, ո՛չ հայրը, ո՛չ որևիցե մեկ այլ բարեկամ Աբովյան 29 հասցեում որևէ կառույց չի կառուցում և ծառահատում չի իրականացնում»,- պնդեց դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը։ Երեւանի կենտրոնի այս փոքր բակում բնապահպանական խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Տարիներ շարունակ ծառահատման դեմ է պայքարում Աբովյան 29 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը։ Այստեղ տնկված ծառերից երկուսն արդեն չկան, մյուսներին էլ չորացում է սպառնում։ «Ծառուղին մաս-մաս նվաճելու խնդիրն արդեն 20 տարվա պատմություն ունի. սկզբում վաճառասեղան դրեցին ծառերի փոխարեն, ապա կրպակ, դե ի՞նչ ասեմ՝ մենք բիզնես սիրող ժողովուրդ ենք, երևի, մեզ մշակույթ հարկավոր չէ, ոնց հասկանում եմ»,- զայրացած հեգնում էր տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը։ Իսկ քաղաքապետարանից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել այս առնչությամբ։ Հարցումն արդեն ուղարկված է։