Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանը փողոցում չպետք է ենթարկվի վերադասին. փորձագետ

Հասարակություն
news030413_500x375

Ոստիկանը պետք է ոչ թե պետությանը պաշտպանի, այլ շարքային քաղաքացուն։ Պետությունն ինքնին արդեն հզոր է։ Այս կարծիքին է Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանի համայնքային անվտանգության և ոստիկանության «Ջոն գրիվ» կենտրոնի ոստիկանության և կրիմինոլոգիայի ավագ դասախոս Թիմաթի Փարսոնսը։ Այսօր նա Երեւանում է՝ մասնակցելու «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարին։ Պարոն Փարսոնը բազմաթիվ այլ երկրների օրինակներով ներկայացրեց իրավունքներն ու պարտականությունները, որ պետք է ունենա ոստիկանը՝ ըստ միջազգային ստանդարտների. «Փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանները իրենց որոշում կայացնելու հարցում պետք է լինեն ինքնուրույն, նրանք չպետք է ենթարկվեն վերադասի ցուցումներին: Պետք է անցում կատարենք մի իրավիճակի, երբ որոշում կայացնողները լինեն շարքային սպաները: Սա նշանակում է ընդլայնել ոստիկանության իրավունքները և նրանց հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել»։ Թիմաթի Փարսոնսը, սակայն, հավելեց, որ սա չի նշանակում, թե ոստիկանությանը ամբողջությամբ պետք է հանել քաղաքական վերահսկողությունից. «Ես նկատի չունեմ, որ ԱԺ-ն, նախագահը այլևս ոստիկանության աշխատանքում չպետք է պատասխանատվություն կրեն»: Հնարավո՞ր է արդյոք հայ ոստիկանը լիարժեք ինքնուրույն լինի ու որքանո՞վ է դա կիրառելի Հայաստանում։ «Ա1+»-ի այս հարցին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց կարճ ու կոնկրետ. «Ոստիկանության ծառայողների իրավունքները և պարտականությունները սահմանված են օրենքով: Ոստիկանը պարտավոր է կատարել իր վերադասի ցուցումները. չէի ուզենա, որ ընկնեինք թյուրիմացության մեջ և պատկերացնեինք, որ ոստիկանության ծառայողը չունենա վերադաս և չստանա ցուցումներ»: Պարոն Նահապետյանը հավելեց նաեւ, որ խորհրդարանական արդյունավետ վերահսկողության և ոստիկանության հաշվետվության արդյունքում հնարավոր կլինի համատեղ արդյունավետ աշխատանք. «Սա հնարավորություն է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև համատեղ համագործակցության. վերջին տարիներին նշված կառույցների միջև համագործակցությունն ավելի ակտիվացել է»: