Պատկերացնո՞ւմ եք Փարիզի Աստվածամոր տաճարը մեկը փակի (տեսանյութ)
Գառնու տաճարի բակում վերջերս տեղի ունեցած փակ խնջույքը և Աֆրիկյանների շենքի քանդումը օրենքի խնդիր է. Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը այսպես են մեկնաբանում մշակութային արժեքների պղծումը Հայաստանում: Ըստ նրանց` մտավորականը կարող է միայն պախարակել, ուրիշ լծակներ Հայաստանում այսօր մտավորականը չունի. «Մշակութային ոլորտը ամենախոցելին է մեր երկրում: Խնդիրն այն է, որ մենք սկսում ենք խոսել մշակութային արժեքների վերացման մասին միայն այն ժամանակ, երբ գնացքը արդեն մեկնել է: Չկան հանրային, մասնագիտական քննարկումներ, ամեն ինչ արվում է մեկ ժամում, և մենք` մտավորականներս, մնում ենք էջից դուրս`մարգինալ վիճակում»,-վրդովված նկատում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Գրականագետ Դավիթ Գասպարյանին ավելի շատ հետաքրքրում է, թե քաղաքը քանդելուց հետո ինչու չեն կառուցում նորը. «Երիտասարդական պալատը քանդեցին, այդպես էլ մնաց, գոնե նորը կառուցեն, որ լրացնեն պակասը: Ի՞նչ ենք անում մեր մշակութային արժեքների հետ: Սա վայրագություն է, պատկերացնում եք Փարիզի Աստվածամոր տաճարը մեկը փակի ու միջոցառում անցկացնի, ուղղակի խայտառակություն է: Այսպես շարունակվել չի կարող, այդ ավերող ձեռքը պետք է բռնել ու կտրել»,-եզրափակեց նա: