Հայաստանում դեղերը կէժանանան (տեսանյութ)
Հայաստանում ներմուծվող դեղերի գները նախատեսվում է նվազեցնել. այսօր «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարարի դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուրիխանյանը։ «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անդրազգային մեծ դեղագործական կազմակերպությունները միջամտում են ՀՀ-ում դեղերի գնի կարգավորմանը, այսինքն` իրենք են թելադրում, քանի որ մենաշնորհային դիրք ունեն արտասահմանյան ընկերությունները։ Դրա արդյունքում մշակեցինք մի հրամանի նախագիծ, որը հաստատվել է արդեն եւ մոտ օրերս շրջանառության մեջ կդրվի։ Արդարադատության նախարարության կողմից նույնպես հաստատվել է։ Դա կհանգեցնի ներմուծվող դեղերի շուրջ 20-ից 30 տոկոս իջեցմանը»,- ավելացրեց նա։ Առողջապահության նախարարի խորհրդականը նշեց, որ այս տարվա մարտ ամսին նախարարություն էր այցելել Սերժ Սարգսյանը եւ հանձնարարական տվել իրականացնել այնպիսի քայլեր, որ Հայաստանում դեղերն էժանանան։ Սակայն դեղերի էժանացումը չպետք է անդրադառնա դեղերի որակի եւ անվտանգության վրա։ Հենց այդ հանձնարարականի հիման վրա էլ մշակվել է ծրագիրը։ Առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհով մեկ տարածված են կեղծ դեղերը։ Տարիներ առաջ կարծել են, որ Հայաստանը զերծ է կեղծ դեղերից, սակայն իրականությունը այլ է եղել։ Հիմա պայքար է գնում կեղծ դեղերի հայտնաբերման ուղղությամբ, ոչ միայն անմիջապես շուկայում, այլ նաեւ մաքսային գոտիներում։