Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլինեն անակնկալ ակցիաներ ոստիկանների համար (տեսանյութ)

Հասարակություն
nkar2

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կշարունակի իր ակցիաները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը։ Նախաձեռնության պահանջները 4-ն են՝ վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ-ի վրա, մինչև կլինի նոր` ավելի ընդունելի կանոնակարգ: «Մեր պայքարի ձևերը լինելու են տարբեր, նորից կլինեն ակցիաներ, ուղղակի մենք դրանց բնույթն ու ձևերը կփոխենք, անակնկալներով լի կլինի։ Այն ձևաչափով կլինեն, որ ոնց էլ ուզենան, ոստիկանները միևնույն է՝ չեն կարողանա խոչընդոտել»,- ասաց Արմեն Միքայելյանը՝ հավելելով, որ ներկայումս նախաձեռնությունն աշխատանք է տանում իրավաբանների հետ։ «Պայքարը նաև շարունակելու ենք իրավական դաշտում։ Այս պահին մենք փասթաթղթերն ենք ուսումնասիր, հիմնավորումներ ենք ստեղծում։ Ինչի դեմ, որ պայքարում ենք, այդ ամենը մեծամասամբ անօրինական օրենքների հիման վրա են ու հակասում են Սահմանադրությանը»,- նշեց նա։ Նախաձեռնության մեկ այլ անդամ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ հավելեց, որ իրենք դեմ չեն արագաչափերին, սակայն հարկավոր է կարգավորել ճանապարհային օրենսդրությունը, որից հետո նոր ավելացնել արագաչափերն ու տեսախցիկները։ Շարժման անդամ, տաքսու վարորդ Արթուր Կրոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ մեզ մոտ ճանապարհային երթեւեկության կանոններն այնքան խրթին են, որ վարորդները չեն կարող խախտում չանել։