Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ընդունեց ԱՄՆ դեսպանին

Հասարակություն
despan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանիառողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության եւ երկարամյա համագործակցության համար: «Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա բարձր գնահատեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) եւ ՀՀ կառավարության միջեւ 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր եւ մանկան առողջության պահպանման, շտապ եւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Նախարարը նաեւ կարեւորեց այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում եւ ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում եւ մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ: Արմեն Մուրադյանին շնորհավորելով պաշտոնավարման առթիվ` Ջոն Հեֆերնը նշեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մշտապես սերտորեն եւ արդյունավետ է աշխատել ՀՀ առողջապահության նախարարության թիմի հետ: «Հայաստանում գտնվելուս ընթացքում մենք բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել, որոնց շուրջ ծավալվել է երկկողմ համագործակցություն: Առաջիկայում առողջապահական ծրագրերը կունենան նաեւ ստեղծարար մոտեցումներ»,- կարծիք հայտեց Հեֆերնը: Առողջապահության նախարարությունը սերտ եւ շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի եւ մի շարք այլ կազմակերպությունների եւ անհատների հետ:   Առողջապահության նախարարություն