Ռոքերներն ակցիա են անելու Երեւանում
Հայաստանում խոշտանգող պաշտոնյաները չեն պատժվում: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում պետական պաշտոնյաների կողմից խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ 2013թ.–ին քննված 100-ից ավելի դեպքից միայն երկուսն է հասել դատարան: Իսկ դրանցից էլ միայն մեկով է մեղադրական վճիռ կայացվել: Վերջին գործով մեղավոր ճանաչված երկու խոշտանգող ոստիկանները դատարանի դահլիճից համաներումով ազատ են արձակվել: Մինչդեռ՝ հունիսի 26-ին Երեւանում անցկացվելիք ակցիայի մասնակիցների՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները հունիսի 26-ին՝ ժամը 19-ին, խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված` Ազնավուրի հրապարակում կազմակերպում են «Ռոքն ընդդեմ խոշտանգումների» խորագրով բացօթյա համերգ, որի ընթացքում ելույթ կունենան հետևյալ երգիչներն ու խմբերը՝ «E.V.A Rock Band», « Compass Band», «Vahag Rush», «Gigabeat», Ային Գոյան և Այդին Դավուդի, «Լավ էլի» և այլն: Համերգը կուղեկցվի իրազեկման տարատեսակ ակցիաներով: «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին» կոնվենվիան ՄԱԿ–ի կողմից ընդունվել է 1986թ–ին և մեկ տարի անց՝ 1987թ. հունիսի 26-ից պաշտոնապես մտել է ուժի մեջ։ 1997 թվականին հունիսի 26-ը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվեց Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր, որի նպատակն է խոշտանգումների կանխարգելումն ու կոնվենցիայի արդյունավետ կիրառումը։