«Ոստիկանությունը վրեժ է լուծում». Տիգրան Եգորյան (տեսանյութ)
«Վերջին ժամանակներում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառումը պայմանավորված է ոստիկանության պարտություններով՝ իրավական համակարգում։ Այժմ ոստիկանությունն անցում է իր հին գործելաոճին»,- այսօր հայտարարեց իրավապաշտպան Տիգրան Եգորյանը՝ խոսելով բողոքի ակցիա իրականացող խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության կիրառած բռնությունների մասին։ Իրավապաշտպանը վստահ է՝ շարքային ոստիկանները հրահանգ ունեն իշխանություններից. «Այս կապակցությամբ ես կցանկանամ հիշեցնել, որ այն բոլոր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանները, որոնք նման միջոցով փորձում են առանց միջոցների միջև խտրականության դնելու ծառայություն մատուցել, կարող են արժանանալ Տիգրան Սարգսյանի և համանման այլ պաշտոնյաների ճակատագրին, որոնք համապատասխան ժամանակաշրջան օգտագործվելուց հետո՝ քավության նոխազի տեսքով, դուրս են վտարվում մերձավոր շրջանակներից»,- շարունակեց իրավապաշտպանը։ Իրավապաշտպան Տիգրան Եգորյանը կարծում է, որ ոստիկանությունն այս պահին վրեժ է լուծում. «Ավելի խորքային պետք է հարցին նայենք, քանի որ ոստիկանությունը մինչ վերջին դեպքերը վարչական դատարան դիմումներ էր ներկայացնում, սակայն թե´ իրենց կադրային թուլության, թե´ իրենց հակասական ցուցմունքների հետևանքով գործերը պարտվում էին, այժմ նրանք վրեժ են լուծում»։ Սերգեյ Ղահրամանյանը, ով բերման էր ենթարկվել հունիսի 23-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա իրականացնելիս, այս առիթով ասաց. «Ոստիկաններն իրենց երևակայությանն էին հավատացել՝ կարծելով, թե Ավարայրի ճակատամարտ ենք անելու, իրականում մենք խաղաղ ցույց էինք անում, անգամ, կադրերում լսվում է, թե ինչպես է Օսիպյանը ասում ՝ անցեք վրայով։ Նրանց բռի ուժի կիրառման դեմ միակ արդարացումն այն էր, որ իբր չենք ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, սակայն մենք այդպես էլ այդ պահանջը չհասկացանք։ Կարելի է ասել՝ պարապել էին և իրենց իսկ քաղաքացիների վրա էին ցուցադրում ուժը»։