Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջ քաղաքում ոչ մի ցայտաղբյուր չկա

Հասարակություն
caytaxbyur1

Արարատի մարզի Մասիս քաղաքում ծարավելու դեպքում չես կարող ջուր խմել՝ քաղաքում ցայտաղբյուրներ չկան. Այս մասին ահազանգում են բնակիչները։ Քաղաքացիները բողոքում են, որ ամռան տապին իրենք քաղաքի փողոցներում մի կում ջրի կարոտ են մնում. «Կենտրոնական կանգառում մի աղբյուր չկա,մեծ կին եմ, որ ընկնեմ- ուշաթափվեմ՝ մի քիչ ջուր էլ ա չկա, որ ուշքի բերեն»,- ասում է Ժենյա Իվանյանը։ Մասիսցի Գոհար Հարությունյանը նկատում է, որ տարեցտարի քաղաքում ցայտաղբյուրների հարցը օրակարգային է դառնում։ Նրա խոսքով՝ քաղաքի որոշ բազմաբնակարանային շենքերի բակում ցայտաղբյուրներ գործել են, սակայն այս տարի դրանք էլ են բացակայում։ Մասիսի հրապարակի հարակից փողոցում գտնվող միակ ցայտաղբյուրն այս ամռանը չի գործում՝ ծորակը կոտրված է. «Անցյալ տարի մեկ-մեկ ջուր գալիս էր, հիմա ջարդվել է, ոչ մեկը չի ուզում բերի վերանորոգի»,- սրտնեղում է ցայտաղբյուրի մոտ բանջարեղեն վաճառող պապիկը։ 76-ամյա թոշակառուն չի ակնկալում, որ ցայտաղբյուրը կշահագործվի, և ինքն ու անցորդները կկարողանան իրենց ծարավը հագեցնել.«Ո՞վ ա մեր մասին մտածում, որ մի հատ էլ աղբյուր սարքեն մեր համար, ղեկավարները գիտե՞ն՝ մենք գոյություն ունե՞նք, թե չէ»,- ավելացնում է նա։ Մասիսի բնակիչները հույս չունեն, որ տեղական իշխանություններն իրենց համար ցայտաղբյուրներ կտեղադրեն, իսկ իրենք սեփական ուժերով ի վիճակի չեն այն կառուցել։ caytaxbyur 1