Գյուղմթերքի բարձր գներն արհեստածին են (տեսանյութ)
Շուկայում գյուղմթերքի գների բարձրացումը «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հկ նախագահ Կարեն Չիլինգարյանը արհեստածին է համարում։ Նրա խոսքով՝ եթե մեր երկրում որևէ ապրանք քիչ է լինում, գները սովորաբար ուռճացվում են. «Առիթից օգտվում են որոշ տնտեսվարող սուբյեկտներ և արհեստական դեֆիցիտ են ստեղծում»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։ «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հկ նախագահի կանխատեսմամբ՝ հնարավոր է նաև որոշ ժամանակ հետո գնանկում լինի։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ այս տարի գյուղմթերքի գները կրկնակի է թանկացել, իսկ ծիրանի դեպքում այն նույնիսկ շեշտակի է բարձրացել։ Նա նկատում է, որ գյուղմթերքի շուկայում հիմնականում բարձր է մրգի գինը. «Ես կարծում եմ, որ գների վրա այդքան շատ չի ազդում եղանակը, քանի որ մեր երկրի բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ եթե մի տեղ ցուրտ է լինում, նույն բերքը մյուս գոտում աճում է, բացի ծիրանից,մնացած ապրանքների դեպքում ավելի շատ կազմակերպական խնդիրներով է գները բարձրանում»,- հավելեց Պողոսյանը։ Արմեն Պողոսյանը նույնպես կարծում է, որ գյուղմթերքի բարձր գները վերավաճառողներն են ստեղծում։ Արմեն Պողոսյանի խոսքով՝ գյուղացու ամենամեծ խնդիրներից է մթերումը։ Ըստ նրա՝ մթերման գործընթացը մեր երկրում լավ չի կազմակերպված, և գյուղացին հաճախ չի կարողանում եղած բերքն իրացնել։