Արդարադատության նախարարը՝ քաղաքացիական հասարակության մասին (տեսանյութ)
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել էր քաղաքացիական հասարակության գործողություններին` «Ծայրահեղ սանձարձակ և սադրիչ» բնորոշելով մանրադրամների նետումը պաշտոնյաների վրա: Վարչապետը հրահանգել էր արդարադատության նախարարին, նաև ոստիկանապետին` խնդրի լուծման ուղիներ փնտրել, հրավիրել եթե անհրաժեշտ լինի միջազգային փորձագետներին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հայտարարեց, որ պետական որոշմանը դեմ արտահայտվող քաղաքացիները չպետք է խոչընդոտեն պետական մարմինների աշխատանքին։ Նա հավելեց, որ գերատեսչությունը պատրաստվում է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել. «Պետք է սահմանված ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը, հասկանալ մեր օրենսդրության բացերը և փորձել մեր սահմանադրության և համաշխարհային լավագույն պրակտիկայի հիման վրա ստեղծել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն պատշաճ իրավական հիմք համապատասխան իրավունքների իրականացման համար, միևնույն ժամանակ կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ այլ անձանց իրավունքները չխաթարվեն»,- ընդգծեց նախարարը։ Նա նաև հավելեց, որ վարչապետի հանձնարարականը քաղաքացիական հասարակության իրավունքների և ազատությունների սահմանափակմանն ուղղված չի եղել. «Այն ուղղված էր նրան, թե ինչպես պիտի քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները ռեալիզացնեն»։ Պարոն Մանուկյանը նաև հավելեց, որ այդ իրավունքներն ամրապնդված են Սահմանադրությամբ. «Որևէ մեկը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, չի կարող հայտնագործել այնպիսի օրենքներ, որոնք կարող են սահմանափակել այդ իրավունքները, դա անհնարին է»,- ընդգծեց նախարարը։