Արտագաղթին նպաստող հանգամանք
Գյումրիում աշխատանք փնտրող քաղաքացիների 27 տոկոսը 16-30 տարեկան անձինք են, ըստ գյումրեցի երիտասարդների՝ խնդիրը ոչ միայն այն է, որ աշխատանք չկա, այլ՝ առաջարկվող աշխատանքի դիմաց քիչ է վճարվում, ինչն էլ նպաստում է արտագաղթին: «Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», - «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը՝ մատնանշելով, որ միգրացիան նաև ժառանգական պրակտիկա է դառնում, երբ արտագնա աշխատանքի են գնում միանգամից 3 սերունդ՝ պապը, տղան ու թոռը: «Զբաղվածություն, միգրացիա և երիտասարդության խնդիրները Գյումրիում» թեմայով հունիսի 25-ի բացօթյա քննարկման բանախոսներն էին նաև Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի զբաղվածության ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Լաուրա Մարտիրոսյանը, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Մկրտչյանը և միգրացիայի ոլորտում մասնագիտացած քաղաքագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Արմեն Ղազարյանը: «Մեդիա կենտրոն»