Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ուղերձ է հղել

Մշակույթ Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանn այսօր ուղերձ է հղել «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Տիկնայք եւ պարոնայք, Ի սրտե ողջունում եմ «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին: Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի եւ արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է եւ կարեւոր: Այսպիսի ձեւաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում եւ առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների եւ մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին: Արցախում հատուկ տեղ է հատկացվում այս կարեւորագույն հարցերին, հատկապես` հաշվի առնելով կրթության ու գիտության նշանակությունը մեր երկրի եւ ժողովրդի կյանքում: Կրթության ոլորտը համարվում է մեր պետության զարգացման ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը եւ հետեւողական կատարելագործումը մեծապես  կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի եւ գործնական շփումների հաստատումից ու պահպանումից:  Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաեւ միջազգային նորմերին, քանի որ որակյալ եւ անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների եւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Համոզված եմ, որ համաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ օգտակար ազդեցություն կունենա մեր հանրապետությունում կրթության զարգացման գործընթացի վրա: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։