Հաղթող երեխաները պատրաստվում են մեկնել Աֆրիկա
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, "Այբ" կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, "Կենգուրու" ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը ամփոփել են առարկայական օլիմպիադաների և "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքները: Ասուլիսին ներկա են եղել նաև "Կենգուրու" մրցույթի 8 հաղթողները : Նշելով, որ Հայաստանի կառավարության գերակա միջոցառումներում կարևոր տեղ է գրավում կրթության որակի բարելավումը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ այս օրերին Հայաստանի դպրոցականների օլիմպիական խումբը պատրաստվում է մեկնել Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային: Օլիմպիականներից մեկը "Կենգուրու" մրցույթի հաղթողներից էր: "Եվ առարկայական օլիմպիադաները, և՛ "Կենգուրու" մրցույթն ուղղված են կրթության որակի բարելավմանը և նպատակ ունեն հայտնաբերել, գնահատել, խրախուսել բոլոր այն աշակերտներին, ովքեր բարձր առաջադիմություն ունեն",,- նշել է Ն.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է և "Կենգուրու" մրցույթի և միջազգային օլիմպիադաների մասնակից աշակերտների թիվը: Ն. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի 28 դպրոցականներ 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների մասնակցելու ուղեգրեր են ստացել: "Այս երեխաները՝ խոսքը օլիմպիականների ու "Կենգուրու" մրցույթի հաղթողների մասին է, մերօրյա հերոսներ են, մեր երկրի ու հասարակության ապագան",- նշել է հանրակրթության վարչության պետը: "Այբ" կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի տեղակացմամբ "Կենգուրու" միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի ՀՀ և ԼՂՀ 1040 դպրոցներից մասնակցել է 3-րդ-ից 12-րդ դասարանների շուրջ 44 հազար աշակերտ : "Կենգուրու 2014"-ն այս տարի ունի 1469 մրցանակակիր աշակերտ, որոնցից 617-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: Ակտիվ են եղել հատկապես մարզային դպրոցները՝ մասնակիցներից 16200-ը եղել է մարզային և գյուղական դպրոցներից: "Կենգուրու-2014"-ում հաղթող ճանաչված ութ աշակերտներից 4-ը նույնպես մարզերից են: Մրցույթը Հայաստանում անցկացվում է 6-րդ անգամ՝ "Այբ" կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: "Մրցույթի մասնակցությունը տարեցտարի աճում է ամբողջ աշխարհում: Այս տարի "Կենգուրու"-ին մասնակցել է 60 երկրի 7 միլիոն երեխա և շատ կարևոր է, որ Հայաստանի դպրոցականները ևս մասնակից են դառնում այդ մաթեմատիկական շարժմանը: Ի սկզբանե, երբ մրցույթը նոր էր ներմուծվում, ակնկալում էինք, որ Հայաստանում մասնակցությունը մեծ կլինի, քանի որ հայ երեխաներին բնորոշ են մաթեմատիկական հակումները: Մենք նպատակ ունեինք նորովի մատուցել մաթեմատիկան. "Կենգուրու"-ում չկա նախնական ընտրություն, ցանկացած երեխա կարող է մասնակցել և փորձել իր ուժերը՝ աշխարհի 7 միլիոն այլ երեխանների հետ" ,-նշել է Դավիթ Սահակյանը հավելել, որ հնարավորություն է Հայաստանի երեխաների համար՝ հաջողությունների հասնելու գիտելիքների շնորհիվ: "Կենգուրու 2014"-ի հաղթողներ են ճանաչվել հետևյալ աշակերտները՝ Զարուհի Հակոբյան 4-րդ դաս. Երևան Գառնիկ եանվան թիվ 133 հ/դ Զինա Ղազարյան 4-րդ դաս. Լոռու մարզ Մղարթի հ/դ Նաիրա Շահբազյան 4-րդ դաս. Լոռու մարզ Մեծավանի թիվ 2 մ/դ Էրիկ Մելիքյան 4-րդ դաս. Լոռու մարզ Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 մ/դ Մերի Ավետիսյան 4-րդ դաս Շիրակի մարզ Գյումրու Ֆ. Վերֆելի անվան թիվ 40 հ/դ Ալբերտ Գևորգյան 11-րդ դաս. Երևան "Քվանտ" վարժարան Էդուարդ Միհրանյան 12-րդ դաս. Երևան "Այբ" ավագ դպրոց Տիգրան Շախկյան 12-րդ դաս. Երևան ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց: