Ինչից են ագրեսիան, նյարդային ու մկանային խնդիրները երեխաների մոտ (տեսանյութ)
«Հայաստանում սերիալների բովանդակության հարցը պետք է պետական մակարդակով լուծվի»,-ահազանգում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը։ «Այն, ինչ այսօր տեսնում են երեխաները սերիալում, դա ուղղակի խայտառակություն է և ոչ մի կերպ չի նպաստում առողջ անձի ձևավորմանը։ Մի կողմից էլ ծնողները երկու քարի արանքում են։ Եթե թույլ չտան երեխաներին նայել, դրսում երեխաները իրենց հասակակիցների հետ շփման խնդիրներ կունենան, ետ կմնան հասարակությունից, բայց մյուս կողմից էլ մեծ է վտանգը։ Երեխաների հոգեբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի հերոսի առկայությունը, ում պետք է նրանք ձգտեն նմանվել, բայց սերիալներում ովքեր են հերոսները՝ չսափրված, անկիրթ,խեղված արժեքներով առաջնորդվող կերպարները, իսկ աղջիկ երեխաների համար առաջնային է դառնում արտաքինը և ինչպես գրավել տղաներին»,-մեկնաբանում է նա։ Տիկին Խանամիրյանը երեխաների հոգեբանության ձևավորման վրա ազդող գործոններից նաև առանձնացնում է համացանցը. «Համացանցը կարող է բազում ազդեցություններ ունենալ և վատագույնը կախումն է համակարգչից։ Այս դեպքում գլխավոր դերում ծնողներ են, ովքեր պետք է վերահսկեն երեխաների մուտքը համացանց և հստակ ժամ սահմանեն համակարգչից օգտվելու համար»։ Հոգեբանը նաև տեղեկացրեց, որ աճել է երեխաների մոտ հանդիպող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ագրեսիան, նյարդային ու մկանային խնդիրները.«Սրանք կապված են երեխաների նստակյաց կյանքի հետ, համակարգչի հետ, ինչպես նաև մեր կրթական համակարգի հետ, քանի որ 6 տարեկանից երեխային դպրոց տանելու դեպքում պետք է անհրաժեշտ պայմաններ լինեն, ինչը մեզ մոտ շատ դպրոցներում չկա»։ Ամփոփելով երեխաների հոգեբանության ձևավորման վրա ազդող գործոնները և ներկա մարտահրավերները՝ Իրինա Խանամիրյանը բոլոր ծնողներին հորդորեց. «Սիրեք ձեր երեխաներին և որ ամենակարևորն է՝ լսեք նրանց, ոչինչ հենց այնպես չի լինում երեխաների մոտ, պատճառներ միշտ լինում են, փորձեք դրանք հասկանալ»։