Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ օրակարգի հարց

Հասարակություն
կամք-4

Օրակարգի թիվ 1 խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Այսօր «Ա1+»-ին հայտնեց ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նրա խոսքերով ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը արդեն գերազանցում 4.5 մլրդ դոլարը: Ստացվում է՝ ցանկացած ՀՀ քաղաքացի պարտք է 1500 դոլար: «Կարծում եմ՝ հիմա արդեն Ձեզ պարզ է, թե ինչու է համատարած թանկացում տիրում: Մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ, դուք պարտադրված փակելու եք Սերժ Սարգսյանի պարտքերը` ծախսելով ամսեկան ահռելի գումարներ` հոսանքի, գազի, ջրի եւ ընդհանուր գնաճի պատճառով։ Սա է Բաղրամյան 26-ի խորամանկ հաշվարկը` փակել սեփական պարտքերը ժողովրդի հաշվին»,- ասաց նա։ Ըստ Արտաշես Ավետիսյանի՝ «կառավարական թալանչիները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ», թալանելու են մեզ մինչեւ արտագաղթենք Հայաստանից կամ գումար չունենանք տնից դուրս գալու կամ հանրահավաքի մասնակցելու համար: «Անկախ նրանից, թե ինչ քաղաքական վեկտոր կընտրի Հայաստանը, ցանկացած քաղաքական և քաղաքացիական նախաձեռնության օրակարգի թիվ 1 խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը` քաղաքացիական միասնական պայքարի շնորհիվ»,- ասաց շարժման հիմնադիրը։ Արտաշես Ավետիսյանը վստահեցնում է, որ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը ամբողջությամբ իր ուժերը կենտրոնացնելու է այս խնդրի իրականացման ուղղությամբ, քանի որ Հայաստանում դեպի դրական ոչինչ չի փոխվելու, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական չներկայացնի կամավոր կամ քաղաքացիների կողմից պարտադրված: «Նրանց համար, ովքեր ցանկանում են ճտերը աշնանը հաշվել` վստահ եղեք շատ ուշ է լինելու, քանզի ինկուբատորի հոսանքը այնքան է թանկանալու, որ ճտերը դժվար թե մեծանան մինչեւ աշուն: Գրոհելու ժամանակը հիմա է»,- համոզված է Արտաշես Ավետիսյանը: