Միակ չխունացած նկարը Սերժ Սարգսյանինն է (տեսանյութ)
Արեգունի գյուղի դպրոցի միակ չխունացած նկարը Սերժ Սարգսյանինն է, խունացած են պատերը, նույնիսկ հոբելյանական պլակատների տառերը։ Հոբելյարների արանքում Մեծ եղեռնն է, իմացյալ մահը, վաղուց եւ ոչ այնքան վաղուց ընկած հերոսները։ Դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը դաշնակցական է. «Ես որ դաշնակցական էի, դեռ հանրապետական կուսակցությունը կազմավորված չէր, չկար»։ Ավերակներից մի կերպ հառնած շենքի է նման Սեւանա լճի արեւելյան մասի բարձրունքներում փախստականներով բնակեցված այս գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 61 երեխա։ Նախկինում ավելի քիչ էր. «Գյուղի երիտասարդությունը մի քիչ աշխույժ կյանք է սկսել վարել, ծննդաբերությունը ավելանում ա էս վերջին քանի տարիներին»։ Դպրոցի պատմության ուսուցիչ Սոս Հովհաննիսյանի խոսքով՝ «Մարդկանց երեսին ժպիտ չես տեսնի, չկա այն աշխուժությունը, որ առաջներում կար»։ Ադրբեջանական Շամխորից Հայաստան տեղափոխված բանաստեղծ Սոս Հովհաննիսյանը տարիներ առաջ երգում էր ժամանակի շունչը եւ կյանքը չէր պատկերացնում հոր շիրիմից ու հայրենի բնաշխարհից հեռու.«Տպագրվել եմ Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթում, տպագրվել եմ «Գրական Ադրբեջան» հայկական հանդեսում»։ Ժամանակի հետ նա դադարեց երգել որեւէ բան՝ կորցրել է ամեն ինչ՝ մանկության մամռոտ արահետներ, տուն, տեղ, առաջին սեր։ Նոր բնակավայրում դասավանդում է պատմություն, բայց առանց ապագայի հույսի. «Պատկերացրեք, գյուղացին հողը վարի, ցանի, կոմբայնից շուտ սպիտակ կոմբայնը, կարկուտը գա ու հնձի... Ու ոչ մի պետական աջակցություն»։ Տրետուք գյուղի դպրոցի պատերի թափված ծեփերը ծածկում են Գարեգին Նժդեհն է ու նրա օրոք մղված ազատագրական կռիվները։ Տնօրեն Տարիել Մանուկյանը հանրապետական է. «Հանրապետական ես 88 թվականից եմ, չէ, ներողություն, 98, չէ՝ 97»։ Պարոն Մանուկյանը դպրոցի վիճակն այնքան էլ սարսափելի չի համարում՝ դուք պետք է նախորդ շենքը տեսնեիք։ Բարձրլեռնային այս գյուղում ձմռանը երեխաները զուգարան են գնում շենքից դուրս, ջեռուցման համար օգտագործում են էլեկտրական վառարաններ։ Միայն վերջերս վերանորոգվել են պատուհանները. «89 թվից հետո վերանորոգում չի եղել»։ Տրետուքի բնակարանների մի մասը բառացիորեն ավերակ է։ Վերջին իրադարձությունը 9 տարի առաջ գյուղում բացված ինտերնետ կենտրոնն է։ Բողոքի վերջին գործողությունը՝ գյուղապետի ընտրությունների արդյունքներից դժգոհելը։