«Սպասվող երկրաշարժի մասին լուրերը չար կատակ են»
Այսօր վաղ առավոտից Վանաձորի բնակիչները խուճապի մեջ են. գիշերը գրանցված երկրաշարժից հետո լուրեր են տարածվել, թե այն կկրկնվի։ Ինչպես նշեց մեզ հետ զրույցում վանաձորցիներից մեկը՝ մեկ անգամ արդեն նրանք ստիպված են եղել կյանքը նորից սկսել, հիմա հեշտ է խուճապի մատնվել ամեն մի լուրից։ «Եթե երեկվա ցնցումները նորից կրկնվեն, ես երեխաներիս, թոռներիս կվերցնեմ և դուրս կգամ, հաստատ տուն չեմ մտնի, ասում են, որ նորից է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի բնակիչ Արմինե Անտինյանը։ Իսկ Վանաձորի քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս պահին բոլոր հնարավոր միջոցներով քաղաքացիներին հանգստացնում են՝ նոր երկրաշարժ չի լինելու. «ԶԼՄ-ներով, անգամ քաղաքապետարանի աշխատակիցներն են զանգում կամ այցելում բնակիչներին և տեղեկացնում, որ վտանգ չկա։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այս լուրերը կազմակերպված չար կատակ են, քան որ առավոտյան բնակիչները հանգիստ էին, հետո միանգամից խուճապ սկսվեց»,- շարունակեց Էդիկ Հովսեփյանը։ Ի տարբերություն վանաձորցիների, Իջևանում ամեն ինչ խաղաղ է. «Խուճապ չկա, մենք երկրաշարժերին սովոր ենք, չենք վախենում, չենք զայրանում»,- ասաց Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետ Վարդան Ղալումյանը։ Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ խուճապ կա նաեւ Դիլիջանում։ Այստեղ քաղաքապետարանից ոչ ոք մեր զանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 03.39-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է http://www.a1plus.am/1327830.html ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ի դեպ, այսօր Վանաձոր է այցելել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը հանդես է եկել մամլո ասուլիսով։ Պարոն Երիցյանը լրագրողներին բացատրել է, որ հետցնցումները նշան են այն բանի, որ մեծ երկրաշարժ չի կարող լինել և ցնցումները աստիճանաբար կմարեն, երկրի լարվածությունը կթուլանա։