ՄՀՀ-ն աճուրդի ընթացքում փոխանակ թանկանա, էժանանում է (տեսանյութ)
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագիրն անորոշ է: Մինչ օրս անհայտ է նրա նոր սեփականատերը. աճուրդի շրջանակներում որեւէ հայտ չի ներկայացվել այն շահագործման վերցնելու: Մինչդեռ այս պահին զուգահեռ ընթանում են բազմաթիվ դատական գործընթացներ համալիրի շուրջ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մայիսի 19-ից սկսած ԴԱՀԿԾ կողմից 4-րդ անգամ է աճուրդի հանվել: Եթե առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գինը 19 մլրդ դրամ էր, ապա այժմ այն իջել է 14 մլրդ-ի: 4-րդ աճուրդի ժամկետը կլրանա հուլիսի 14-ին, սակայն մայիսից մինչ օրս ոչ մի գնորդ չի հայտնվել: Համալիրի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի համար այս աճուրդն անընդունելի է: Ըստ նրա` աճուրդ արվում է գին բարձրացնելու համար, համալիրի պարագայում հակառակն է: Ճարտարապետը նաեւ նկատում է` ինչպես ոսկու դեպքում, մարզահամերգային համալիրը եւս` բացի նյութականից, որպես արվեստի արժեք պետք է գնահատվի. «Կա լոմ հասկացողությունը, որ գրամն արժե այսքան, բայց այդ գրամներից այնպիսի մի զարդ կարելի է սարքել, որ տասնապատիկ ավելի թանկ լինի: Սա չի կարելի գնահատել բետոն, մրամր, կամ ինչ-որ քար եւ այլն, բացի շինությունից, նա նաեւ արվեստի գործ է, որպես հուշարձան»: Մարզահամերգային համալիրի կառուցումը 1960-ական թթ. սկզբից մի քանի փուլ է անցել: Գուրգեն Մուշեղյանը հիշում է` ինքն այդ տարիներին «Հայպետնախագիծ» ինստիտուտում էր աշխատում եւ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի համաձայնությամբ պետք է կառուցվեր մարզական կառույց. «Սովետական միությունը բոլոր մայրաքաղաքներին նվիրել էր մեկ մարզական, մեկ համերգային դահլիճ, Հայաստանը ոչ մեկն էլ չուներ: Մեր նախագծով երկու խնդիր մեկտեղ էինք ուզում լուծել»։ Համալիրը շահագործման հանձնվեց 1983թ. եւ որոշ ժամանակ անց որոշվեց` ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնել Երեւանում ու հենց այս կառույցում. «Չանցկացվեց: պատճառներից մեկը մեկնաբանում էին, որ իբր թուրքերն էլ էին ուզում մասնակցել, ու եթե նրանք էլ մասնակցեին, ապա Թուրքիայի դրոշը պետք է Ծիծեռնակաբերդում ծածանվի, եւ այդ առաջնությունը տեղափոխեցին Մոսկվա»: 1987թ. համալիրն արժանացավ Սովետական միության պետական մրցանակի, որին հաջորդեցին բազմաթիվ այլ մրցանակներ: Պարոն Մուշեղյանը տեղեկացնում է` նախանցած տարի Վիեննայում անցկացվեց միջազգային կոնֆերանս` Սովետական մոդերնիզմը 1955-90թթ., որտեղ շատ բարձր գնահատվեցին Հայաստանի կատարած աշխատանքները: Ընդունվեց հռչակագիր. «Սրանք համարվում են համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մասը եւ դիմեցին բոլոր պետություններին, որ այս ժառանգությունը հարկավոր է պահպանել, կատարել գիտական ռեստավրացիա, քանի որ շատերը աղավաղված են` շահագործման ընթացքում եւ պահպանել հաջորդ սերունդների համար»: Նա նկատում է` մեր իշխանությունը խոստացել են կատարել հռչակագրի պահանջները, թեեւ արդյունքները դեռ տեսանելի չեն: Այսօր համալիրի ճակատագիրն անորոշ է` աճուրդից հետո ում կանցնի կառույցը եւ ինչ պայմաններով: Համալիրի համահեղինակ ճարտարապետը զգուշացնում է` նոր սեփականատերը չպետք է խեղաթյուրի մշակութային այս հուշարձանը, չփոխի նրա հիմնական գործառույթները, հակառակ դեպքում մենք կկորցնենք կառույցը. «Եթե մենք կորցնենք համալիրը, մենք շատ բան ենք կորցնում: Այստեղ խնդիրը միայն նյութականը չէ: ՀՀ-ն ու Երեւանը զրկվում է բոլոր տեսակի միջազգային, համաշխարհային միջոցառումներից: Եթե մենք չենք ունենում մեկ մեծ դահլիճ, այստեղ մեծ համերգներ չեն կարող տեղի ունենալ»: Գուրգեն Մուշեղյանը կոչ է անում իշխանություններին` հստակ միջամտություն ունենալ ու անմիջական հոգածության տակ վերցնել պատմամշակութային անգնահատելի արժեք ունեցող, սովետական մոդերնիզմի նմուշ` մարզահամերգային համալիրը: