Խմելու ջրի սակագինը մնաց անփոփոխ (տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիստում անփոփոխ թողեց բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը, բայց բարձրացրեց մեծածախ սպառողին վաճառվող ջրի սակագինը: Արդյունքում, մեծածախ ջրամատակարարման դեպքում սակագինը դարձավ 17,3 դրամ, կեղտաջրերի հեռացումը 34,625 դրամ, մետրոյի ստորգետնյա ջրերի հեռացումը՝ 9,6 դրամ: Հանձնաժողովի որոշումը, որով անփոփոխ մնաց սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։ «Երեւանջուր» ընկերությունն էր դիմել հանձնաժողով՝ վերանայելու սակագները: Ընկերության ներկայացուցչի վստահեցմամբ՝ թանկացումը երկու-երեք դրամով՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ, սղաճով, արտարժույթի փոփոխություններով: Քննարկմանը ներկա ՀԿ ներկայացուցիչներին ավելի շատ մտահոգում էր ջրերի կորստի հարցը: Անգամ տվյալներ ներկայացվեցին, որ կորուստը միշտ կազմել է 85 տոկոս, թեեւ հիմա հասել է 75 տոկոսի: ՀԿ ներկայացուցիչների մտահոգությունն այն է, որ «Երեւանջուր»-ը մինչ օրս ջրերի կորստի հաշվարկման մեթոդիկա չունի: ՀԿ ներկայացուցիչների ու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի միջեւ տարաձայնություններ եղավ ու վերջինս կոչ արեց փողոցային ռազբորկայի չվերածել քննարկումը: