Կենդանաբանական այգու նոր բնակիչը ՝ Գրանդ կրտսեր
Հուլիսի 12-ին Երևանի կենդանաբանական այգու հյուրերին կընդունի Գրանդ կրտսեր փղիկը։ Այս մասին «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Երեւանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։ Այս պահին այգում փղի ազատավանդակը դատարկ է, քանի Գրանդ փիղը հունիսի 12-ին Թբիլիսի է տեղափոխվել։ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիները, առաջարկել է տեղափոխությունը՝ որպես այս երկու այգիներում փղերի միայնության հարցի լուծում: Գրանդը սերունդ տալու հնարավորություն կունենա, ինչպես նաև ժանիքների բուժման երկարատև կուրս կանցնի: Ըստ այգու մամլո ծառայության՝ Երևանի կենդանաբանական այգում դեռ չկա համապատասխան կլինիկա՝ անհրաժեշտ բժշկական միջամտության համար, մինչդեռ Թբիլիսիի կենդանաբանական այգում կան վիրաբուժական անհրաժեշտ միջամտության բոլոր պայմանները: Երևանի կենդանաբանական այգու նոր փիղը յոթ տարեկան է` ծնվել է 2007 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում: Երևանի կենդանաբանական այգու ջանքերով փղի բացօթյա ազատավանդակի վերաձևափոխման աշխատանքներ են իրականացվում, պատրաստվում է հատուկ լճակ և զբաղվածության տարբեր միջոցներ: