Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսիպյանը ի՞նչ է խոսել Շանթ Հարությունյանի հետ (տեսանյութ)

Հասարակություն
shant3

«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» քրեական գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանը նոյեմբերի 5-ին ոստիկաններին հարվածելու մեկ պատճառ ուներ։ «Տեսել եմ, որ ոստիկանը ընկերոջս՝ Շանթին, քաշքշում էր, եւ մի խումբ ոստիկաններ հարվածում են։ Սադրանքի են ենթարկել մեզ, մենք էլ ինքնապաշտպանվել ենք»,-այսօր դատարանում հայտարարեց Ավետիս Ավետիսյանը։ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ոստիկանների հետ բախվելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Այսօր ամբաստանյալների պաշտպաններ Ինեսա Պետրոսյանը, Հովհաննես Քոչարյանը եւ Արա Զաքարյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ; Փաստաբանները նշեցին, որ նոյեմբերի 5-ին երթի մասնակիցների թիվը ակնհայտորեն չի գերազանցել 50-ը եւ հետազոտված տեսանյութերից պարզ է դարձել, որ Շանթ Հարությունյանին հարվածել են այն ժամանակ, երբ նա փորձել է դուրս գալ փողոց, իսկ հարվածողները միայն ոստիկանական հագուստով չէին։ «Տեսանյութը դիտելիս պարզ դարձավ, որ բախման ընթացքում հարվածներ ստանում էին քաղաքացիական հագուստով անձինք, այլ ոչ թե ոստիկանները»,- նշեց Ինեսա Պետրոսյանը։ Նա միաժամանակ նշեց, որ տեսանյութում լսվում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդու ձայնը, ով տեսել է, թե ինչպես են հորը շրջապատել եւ ծեծում. «Հորը ճիրաններից ազատելու համար հարվածել է բարձրախոսով»։ Իսկ Շահեն Հարությունյանն էլ ավելացնում է. «Ո՞ր երկրում երեխեն տեսնի, որ հորը ծեծում են եւ ոչ մի բան չանի»։ Այսօր Շանթ Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ նախաքննական մարմինը չի պարզել, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր հետ այդ օրը ինչի՞ մասին է խոսել։ «Մեկը հարց չի տվել, ընկեր Օսիպյան ինչ եք խոսել, եթե խուժան էր, այդ պահին ձերբակալեիք»,- դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը։ Գործով դատական նիստը կշարունակվի հուլիսի 11-ին։