Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական թատրոնն ամեն տեղ լույս է թողնում. 4 մրցանակ ունենք (տեսանյութ)

Մշակույթ
Anushik-Tatron

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «aactWORLDfest» թատերական միջազգային կինոփառատոնից վերադարձել է 4 գլխավոր մրցանակներով։ «Մայիսին մասնակցել ենք Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Ռադուգա» ոչ մրցութային կինոփառատոնին, որտեղ ունեցել ենք հիանալի ելույթներ, իսկ ահա հունիսին ԱՄՆ-ում անցկացվող միջազգային մրցութային փառատոնի ընթացքում 4 կարևոր մրցանակ ենք ստացել «Լավագույն ներկայացում», «Լավագույն վիզուալ ձևավորում», «Լավագույն ձայնային ձևավորում» անվանակարգերում, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակ, որը 14 երկրներից ստացավ Արգենտինան, Իտալիան և մենք»,- պատմեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Դերասանուհի Նարինե Գրիգորյանը ոգևորված և շատ տպավորված է կինոփառատոնից. «Ներկայացումից հետո չէի կարողանում բեմից գնալ, անդադար ծափահարում էին, իսկ ես թաց շորերով էի և անընդհատ գնում գալիս էի մինչև ծափերի ավարտը»։ Պարոն Բաբայանը կատակում է՝ այնքան լավ են ներկայացել, որ ինքը չի էլ քնել.«Ես սիրում եմ ներկայացումներին քնել, բայց այս անգամ արթուն էի, ասեմ ձեզ, որ ձրիակեր չեմ եղել, մի ներկայացման մեջ մեքենավար եմ եղել, մյուսում էլ՝ հնչյունային օպերատոր»։ Ըստ նրա՝ հայկական թատրոնը պոետիկ թատրոն է, և դա ամեն տեղ պարզ երևում է. «Արվեստը հետաքրքիր է, երբ լույս է թողնում, հույս է թողնում։ Դա արվեստի հիմնական ֆունկցիան է, և մեր ներկայացումները առանձնանում էին հենց դրանով, և դա նկատում ու բարձրաձայնում էին բոլորը»,- հպարտությամբ նշեց նա։ Anushik-tatron