Որոշ թաղամասեր սեյսմիկ վտանգի տակ են
«Երեւանում 7 բալ երկրաշարժ լինելու դեպքում 40 տոկոս բնակֆոնդը կարող է մասնակի կամ լիովին փլուզվել»,-այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը։ Հայաստանում սեյսմակայուն շինարարությունը նախկինում ավելի թերագնահատված էր՝պայմանավորված տարածքի հետ։ Սպիտակի երկրաշարժից հետո ընդունվեցին սեյսմիկ շինարարության նորմեր, որոնք ավելի արդիականացված են եւ մոտ են ճապոնական սեյսմիկ շինարարության նորմերին։ «Ինչքան խիտ կառուցապատված շենքեր կան,այնքան երկրաշարժի ռիսկի գործոնը մեծ է։ Եւ եթե մենք ունենք խիտ կառուցված շենքեր, որոնք հնություն են, չպետք է պահպանենք, քանի որ դրանք սեյսմիկ առումով խոցելի են»,-ասաց Զավեն Խլղաթյանը։ Երկրաշարժի վտանգը մեծանում է նաեւ այն դեպքում, երբ ցանկացած շենք բնակչության կողմից փոփոխության է ենթարկվում, օրինակ, երբ քարե շենքերում հարկեր են ավելացնում։ Այսօր առավել վտանգված են Նորքի 1-ին, 2-րդ զանգվածի բնակելի շենքերը եւ 16-րդ, 17-րդ թաղամասերը։ Զավեն Խլղաթյանը նաեւ հավելեց, որ դպրոցներում եւ մանկապարտեզներում հատուկ աշխատանքներ են տարվում, որպեսզի սեյսմիկ առումով ավելի ապահով լինեն եւ աշխատանքները արդեն կավարտվեն հունվարին։