Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհները 35 տոկոսով ավելացել են (տեսանյութ)

Հասարակություն
g_image.php_1

Հայաստանում ընթացիկ տարում հրդեհի դեպքերն ավելացել են երեսունհինգ տոկոսով: Այս տվյալներն այսօր հաղորդեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ հրդեհների առաջացման հիմնական պատճառն այս տարվա չոր եղանակային պայմաններն են, մեծ է նաև մարդկային գործոնի դերը։ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետը նշեց, որ հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնել։ Իսկ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի փոխանցմամբ՝ մեր անտառներում հրդեհների թիվն ավելի քիչ է, քան այլ երկրներում։ «Այս տարի միայն «Հայանտառ»-ին պատկանող տարածքներից 14 հեկտարում է հրդեհ բռնկվել, որից միայն յոթ հեկտարն է եղել խոտածածկ»,- տեղեկացրեց Ռուբեն Պետրոսյանը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը նշեց, որ իրենք ստեղծել են հրդեհի մարման արագ արձագանքման խմբեր, նրանք արդեն գրանցել են իրենց հաջողությունները. «Գորիսի անտառներն ամենահրդեհավտանգ տարածքներն են, բայց մենք հասել ենք նրան, որ այս անտառներում հրդեհները նվազել են»,- ասաց Պետրոսյանը։ Գլխավոր անտառապետը վստահեցնում է՝ նվազել են նաև ծառերի ապօրինի հատման դեպքերը. «Այս տարվա վեց ամիսների ընթացքում 453 ապօրինի ծառ է հատվել։ Եթե այս և նախորդ տարվա թվերը համեմատում ենք անցյալ տարիների հետ, ապա միայն ծառերի ապօրինի հատման դեպքերը նվազել են»,- ասաց նա։