Կոմիտաս 5-ի բնակիչները դժգոհ են շինարարներից
Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ պայքարող բնակիչները դժգոհ են կառուցապատողների աշխատանքներից։ Նրանցից Սուսաննա Թերզյանը հաղորդեց, որ շինարարներն առավոտից մինչև ուշ երեկո աշխատում են՝ խանգարելով իրենց անդորրը. «Մենք զանգել ենք ոստիկանություն ու դժգոհել, որ առավոտյան 8։15-ից մինչև 00։15 շինարարները մեծ աղմուկով աշխատում են։ Ոստիկանությունից մեզ պատասխանում են՝ ի՞նչ անենք։ Ամբողջ օրն ահավոր աղմուկ է, բետոնամիշալկան գալիս է, կանգնում, աղմուկով թափում բետոնը»,- ասաց տիկին Թերզյանը՝ հավելելով, որ բազմաթիվ բնակիչներ բողոքել են, սակայն ապարդյուն, իսկ շինարարների եռանդուն աշխատանքի արդյունքում արդեն կառուցվում է շենքի 4-րդ հարկը. «Այս շինարարությունն ապօրինի է, մենք բազմաթիվ փաստաթղթեր ենք ներկայացրել։ Ներկայումս տարբեր դատարաններում 3 դատական գործեր ունենք։ Անհարկի ձգձգում են, որպեսզի շինարարներն իրենց գործն ավարտին հասցնեն»,- փոխանցեց բնակիչը։ Հիշեցնենք, որ բնակիչները մինչ այս դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն մնացել դժգոհ, քանի որ վարչապետը նրանց բարձրաձայնած ոչ մի խնդրի լուծում չի տվել։