Տարօրինակ պահ՝ Հայրապետյանին ձերբակալելու համար (տեսանյութ)
«Սա քաղաքական պատվեր էր»: Անդրադառնալով հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորմանն` այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց հրապարակախոս Նաիրա Հայրումյանը: Մոսկվայի Բասմանի դատարանն արտոնել է գործարար Լեւոն Հայրապետյանին կալանքի տակ առնել։ Նա կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ: Տիկին Հայրումյանը երկար ժամանակ ապրել է ԼՂՀ-ում եւ տեղյակ է, թե գործարարն ինչ գործունեություն է իրականացրել այնտեղ. «Շատ տարօրինակ պահ է ընտրվել նրան ձերբակալելու համար: Կարող եմ հաստատել, որ Հայրապետյանը իրոք մեծ ներդրում ունի ԼՂՀ պետականության կայացման մեջ: Կարծում եմ, որ խնիրներ են եղել, որոնց նա դեմ է եղել: Նա հստակ գիտեր, որ փողը պետք է ներդնել մնայուն արժեքներում, ու դա հայրենի հողն էր: Այն, ինչ նա արել է ԼՂՀ-ում, դժվար է թերագնահատել»: Արդյոք Լեւոն Հայրապետյանի կալանավորումը Ադրբեջանին սիրաշահելու փորձ էր: Տիկին Հայրումյանը չի բացառում` հաշվի առնելով այն, որ որոշ գործընթացներ են սկսվել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Իսկ արդյոք գործարարն այդքան ազդեցի՞կ էր, որպեսզի նման հետապնդում իրականացվեր նրա նկատմամբ, հարցին Նաիրա Հայրումյանը պատասխանեց. «Չգիտեմ, ինքը մի քանի տարի առաջ Մարտակերտում ռազմական ուսումնարան կառուցեց: Նա կապ ուներ ռազմական շրջանակներում, դա ակնհայտ էր ու սուվորովյան տիպի ուսումնարան էր կառուցում: Սա նաեւ նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունները եւս վտանգված են»: